հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
ՇՄ նախարարը Փարիզում մասնակցել է «Կենսաբազմազանության պահպանության և ֆինանսավորման ամրապնդում» աշխատանքային նստաշրջանին

ՇՄ նախարարը Փարիզում մասնակցել է «Կենսաբազմազանության պահպանության և ֆինանսավորման ամրապնդում» աշխատանքային նստաշրջանին

Փարիզում «Մեծ յոթնյակի» շրջակա միջավայրի նախարարների հանդիպման շրջանակում Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը մասնակցել է «Կենսաբազմազանության պահպանության և ֆինանսավորման ամրապնդում» աշխատանքային նստաշրջանին, որտեղ ելույթով անդրադարձել է կենսաբազմազանության պահպանության ֆինանսավորման ներկայիս մարտահրավերներին։ 

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ՇՄ նախարարության տարածած հաղորդագրությունից, Համբարձում Մաթևոսյանը նշել է, որ թե՛ պետական, թե՛ մասնավոր ֆինանսական միջոցները շարունակում են մնալ անբավարար, իսկ ֆինանսավորման համակարգը՝ ոչ համադրված։

Նախարարը կարևորել է կենսաբազմազանության ֆինանսավորման ինտեգրումը պետական քաղաքականությունների բոլոր ոլորտներում, ինչպես նաև տարբեր ֆինանսավորման գործիքների և նորարարական մեխանիզմների կիրառումը։

Միևնույն ժամանակ, ընդգծվել է մասնավոր հատվածի ակտիվ ներգրավման համար անհրաժեշտ պայմանների ստեղծման կարևորությունը միասնական չափորոշիչների և հստակ կանոնների միջոցով։

Համբարձում Մաթևոսյանն անդրադարձել է նաև  արդար և ներառական մոտեցմանը՝ նշելով, որ ֆինանսական հոսքերը պետք է հասանելի լինեն նաև տեղական համայնքներին։

Որպես COP17 համաժողովի նախագահող երկիր՝ նախարարը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը աջակցելու միջազգային համագործակցության խորացմանը և կենսաբազմազանության ֆինանսավորման արդյունավետ մեխանիզմների ձևավորմանը։

Նա շեշտել է, որ COP17-ը կարող է դառնալ ոչ միայն քննարկումների, այլև իրական գործողությունների մեկնարկային հարթակ։

  • Կիսվել: