երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ՀՀ ոստիկանությունը դիտարկող սերնդի ԱԹՍ-ներ է նվեր ստացել. ՆԳ նախարարն ընդունել է Ֆրանսիայի դեսպանին

ՀՀ ոստիկանությունը դիտարկող սերնդի ԱԹՍ-ներ է նվեր ստացել. ՆԳ նախարարն ընդունել է Ֆրանսիայի դեսպանին

Հուլիսի 13-ին ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ընդունեց ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին։ Այդ մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:

Վահե Ղազարյանը ողջունելով դեսպանին՝ բարձր գնահատեց հայ-ֆրանսիական ոստիկանական համագործակցությունը, ինչի հիմքը դրվել է 1995 թվականին ստորագրված երկկողմ վարչական համաձայնագրի շնորհիվ։ ՆԳ նախարարը մատնանշեց ոստիկանության շուրջ 1000 ծառայողների համար կազմակերպված 100-ից ավելի միջոցառումները, որոնք իրականացվել են Համաձայնագրի շրջանակներում։

Նախարար Վահե Ղազարյանը, ընդգծելով ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային կազմակերպությունների շրջանակներում սերտ հարաբերությունները, առանձնացրեց հանցավորության դեմ պայքարի ոլորտում Հայաստանի և Ֆրանսիայի Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոների միջև և միգրացիայի ոլորտում՝ Հայաստանում Ֆրանսիայի իմիգրացիայի և ինտեգրման գրասենյակի տարածաշրջանային ներկայացուցչության հետ սերտ փոխգործակցությունը։

Անն Լույոն շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ նշեց համագործակցության կարևոր ուղղությունները։ Արտակարգ և լիազոր դեսպանը ուրախությամբ փաստեց Արևելյան գործընկերության տարածաշրջանում կազմակերպված հանցավորության դեմ պայքարի ծրագրի շրջանակներում Երևանում տեղի ունեցած հանդիպումը, որին մասնակցել են Եվրոպոլի, Ֆրանսիայի, Իսպանիայի, Մոլդովայի, Վրաստանի, Ռումինիայի և Հայաստանի ներկայացուցիչները։ Անն Լույոն հայտնեց նաև, որ այդ ծրագրի շրջանակներում Հայաստանի ոստիկանությանը տրամադրվել է տեխնիկական աջակցություն։

ՆԳ նախարարը առանձնակի արժևորելով Անն Լույոյի Հայաստանում պաշտոնավարման ընթացքում գործադրած ջանքերը Հայաստանի և Ֆրանսիայի իրավապահ մարմինների միջև համագործակցության զարգացման և խորացման ուղղությամբ՝ Հայաստանում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ շնորհակալական խոսքեր հղեց արտակարգ և լիազոր դեսպանին և հաջողություն մաղթեց հետագա գործունեության մեջ։

Հանդիպմանը հյուրերը ներկայացրին Հայաստանի ոստիկանությանը տրամադրված դիտարկող նորագույն սերնդի անօդաչու թռչող սարքերը, որոնք հնարավորություն ունեն տևական ժամանակահատվածով լինել օդում՝ մինչև 12 կմ բարձրության վրա, և մեծ ճշգրտությամբ հաղորդել լուսանկարներ և տեսանյութեր։

  • Կիսվել: