չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
ՀՀ-ն և Արգենտինան համագործակցում են տարբեր ոլորտներում. Տավուշում տոնեցին երկու երկրների դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակը

ՀՀ-ն և Արգենտինան համագործակցում են տարբեր ոլորտներում. Տավուշում տոնեցին երկու երկրների դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակը

Արգենտինական գինի, էմպանադաներ (արգենտինական ուտելիք), տավուշյան խոհանոցի ուտեստներ, հարիսա և փախլավա՝ որպես ֆիզիկապես միմյանցից հեռու, բայց զգացումներով միմյանց շատ մոտ երկու հասարակությունների, երկու մշակույթների միաձուլման խորհրդանիշ:

Տավուշի մարզի Խաչարձան գյուղում ներկայացումներով, ցուցահանդեսներով և բազմաբովանդակ միջոցառումներով նշվեց արգենտինացիների և հայերի բարեկամության 30-ամյակը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Արգենտինայի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակի շրջանակներում Տավուշի մարզի Խաչարձան գյուղում Հայաստանում Արգենտինայի դեսպանության կազմակերպած տոնական մեծ միջոցառմանը ներկա էին Հայաստանում Արգենտինայի դեսպանը, դեսպանության, տեղական իշխանությունների ներկայացուցիչներ , Հայաստանում Արգենտինայի քաղաքացիներ:

Միջոցառումը մեկնարկեց Խաչարձան գյուղի հենց մուտքի մոտ՝ հայ-արգենտինական բարեկամությունը խորհրդանշող հուշատախտակի բացմամբ: Ներկաներն ու հյուրերը հնարավորություն ունեցան վայելելու կրեոլական կիթառի նվագակցությամբ համերգ: Իսկ տեղի բնակիչներն էլ պատմեցին այն մասին, թե ինչպես է տարիների ընթացքում արգենտինահայերի բարեգործությունը բարելավել իրենց կյանքը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Հայաստանում Արգենտինայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարիանո Վերգարան ընդգծեց, որ հայ-արգենտինական հարաբերությունների հիմքը դրվել է դեռ շատ տարիներ առաջ, երբ Ցեղասպանությունից հետո առաջին հայերը ապաստան են գտել Արգենտինայում: «Քաղաքական մակարդակում երկու երկրների միջև ձևավորվել է ընդհանուր համերաշխություն, ինչպես նաև ունենք մի շարք տնտեսական ծրագրեր, ինչպիսիք են Արգենտինայի և Հայաստանի միջև առևտրի պալատի բացումը: Ունենք նաև մի շարք մշակութային ծրագրեր, բայց կարծում ենք, որ առաջնահերթությունը պետք է լինի մեր երկու երկրների ու ժողովորդների միջև այդ համերաշխության և բարեկամության մթնոլորտն էլ ավելի բարելավելը»,-ասաց դեսպանը:

Նա նշեց նաև, որ արգենտինահայ 4 բարերար ընտանիքների աջակցությամբ Տավուշում իրականացվել են մի շարք ծրագրեր: Նրանց աջակցությամբ գյուղում կառուցվել է մանկապարտեզ, վերանորոգվել է դպրոցը, ասֆալտապատվել է գյուղի գլխավոր ճանապարհը, որը կրում է հենց Արգենտինայի Հանրապետության անունը, կառուցվել է բուժկենտրոն և նոր սպորտային մարզահամալիր: «Այսօր այստեղ ենք՝ նշելու ոչ միայն Հայաստանի և Արգենտինայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, այլ՝ առաջին հերթին երկու երկրների ու ժողովուրդների միջև բարեկամության ու եղբայրության 30-ամյակը»,- ասաց դեսպանը:

Հայաստանում Արգենտինայի դեսպան Մարիանո Վերգարային առաջին հերթին հայ ժողովրդի առատաձեռնությունը, ջերմությունն ու սրտացավ վերաբերմունքը: «Ինձ դուր են գալիս Հայաստանի բնությունը, լեռները, թե ամառվա շոգը, թե ձմեռվա ձյունը: Հայաստանում բնության մեջ ամեն ինչ ինձ դուր է գալիս »,-եզրափակեց դեսպանը:

Տավուշի մարզի Խաչարձան համայնքի ղեկավար Գագիկ Շահնազարյանը ողջունեց հյուրերին և, շնորհակալություն հայտնելով Արգենտինայի դեսպանին և կառավարությանը, ընդգծեց. «Նորակառույց կամ վերանորոգված ինչ տեսնում ենք, իրականացվել են Արգենտինայի հայ բարերարների և կառավարության կողմից: Ես հույս ունեմ, որ այս միջոցառումից հետո ոչ միայն Արգենտինայի հայ հասարակությունը, այլ նաև ամբողջ Արգենտինան կմիանան՝ զարգացնելու այս կապը»,- ասաց համայնքի ղեկավարը:

Նա նշեց, որ սա դեսպանի երկրորդ այցն է իրենց համայնք՝ կատակելով, որ Արգենտինան ավելի շատ բարեկամություն է անում իրենց համայնքի հետ, քան ընդհանուր Հայաստանի Հանրապետության հետ:

Անդրադառնալով ապագայում իրականացվող ծրագրերին՝ նա նշեց, որ պլանավորում են իրականացնել լուսավորության, ջերմոցների կառուցման, դպրոցի կոսմետիկ վերանորոգման և մանկապարտեզում փոքրիկ խաղահրապարակի կառուցում:

  • Կիսվել: