երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
ՀՀ մարզերում պետական և ՏԻՄ մարմինների շենքերում 1170 օբյեկտներից թեքահարթակ ունի 116-ը. Բաթոյան

ՀՀ մարզերում պետական և ՏԻՄ մարմինների շենքերում 1170 օբյեկտներից թեքահարթակ ունի 116-ը. Բաթոյան

ՀՀ վարչապետի հանձնարարությամբ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը ՀՀ մարզերում պետական և ՏԻՄ մարմինների շենքերում կատարել է հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի պայմանների գնահատում՝ ըստ «Շենքերի և շինությունների մատչելիությունը բնակչության սակավաշարժուն խմբերի համար» շինարարական նորմերի: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանը:
 
՛՛Տեսչական մարմնից հայտնում են, որ գնահատված օբյեկտները տարբեր ժամանակահատվածներում կառուցված և գործող օբյեկտներ են։
Այս պահին ձեռքիս տակ են միայն թեքահարթակներին վերաբերող ուսումնասիրության արդյունքները:
 
ՀՀ մարզերում առկա 1170 օբյեկտներից թեքահարթակներ ունի 116-ը (10%), 161 (14%) օբյեկտում թեքահարթակները կառուցված են խախտումներով, 813 (69%) շենք-շինություններում թեքահարթակները բացակայել են, 80-ում էլ՝ (7%) դրանց առկայությունը չի պահանջվում։
Հիշեցնեմ, որ Քաղաքաշինության մասին ՀՀ օրենքը հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի միջավայրի ապահովման պահանջը սահմանել է 2002 թվականից, իսկ շինարարական նորմերը ուժի մեջ են մտել 2007 թվականին՝ քաղաքաշինության նախարարի հրամանով:
 
Ուզու՞մ եք պատկերը տեսնել ըստ մարզերի՛՛,-գրել է նա՝ հրապարակելով համապատասխան տոկոսները:

  • Կիսվել: