Դատախազությունը բողոք է ներկայացրել Վճռաբեկ դատարան՝ պահանջելով կալանավորել Գրիգորի Խաչատուրովին
ՀՀ Գլխավոր դատախազությունը բողոք է ներկայացրել Վճռաբեկ դատարան՝ պահանջելով կալանավորել գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովին։ Տեղեկությունը հաստատեցին Գլխավոր դատախազությունից։
Գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովը դեկտեմբերի 2-ին ազատ էր արձակվել 9-ամսյա կալանքից 20 միլիոն դրամ գրավի դիմաց։ Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանը նաև վարչական հսկողություն է նշանակել, ըստ որի՝ նախկին բարձրաստիճան զինվորականը երեկոյան 10-ից մինչև առավոտյան 7-ը պետք է տանը լինի։
46-ամյա Խաչատուրովը մեղադրվում է փողերի լվացման համար. այս գործով մեղադրյալի աթոռին են ևս 12 հոգի, նրանց թվում՝ պաշտպանության նախկին նախարար, այժմ խորհրդարանի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։


