երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
ՀՀ դեսպանն իտալացիների լայն լսարանի իրազեկել է Ադրբեջանի պատերազմական հանցագործությունների մասին

ՀՀ դեսպանն իտալացիների լայն լսարանի իրազեկել է Ադրբեջանի պատերազմական հանցագործությունների մասին

Իտալիայում ՀՀ դեսպան Ծովինար Համբարձումյանը իտալացի հեռուստադիտողին ներկայացրել է Ադրբեջանի զինուժի կողմից հայ ռազմագերիների նկատմամբ իրականացրած պատերազմական հանցագործությունները և Ադրբեջանի վերահսկողության տակ մնացած տարածքներում մշակութային և կրոնական հուշարձանների բարբարոսական ոչնչացումը: Դեսպանն այս և այլ հարցերի շուրջ խոսել է «Բյոբլու 24» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում՝ ցավով նշելով, որ հետպատերազմյան իրավիճակը Հայաստանում առաջացրեց ոչ միայն արտաքին, այլև ներքին լարվածություն:

«Ինչպես գիտեք, նոյեմբերի 9-ի հրադադարի մասին հայտարարությունը նախատեսում է բոլոր ռազմագերիների անհապաղ փոխանակում: Բայց ներկայումս Ադրբեջանը հրաժարվում է ազատ արձակել մինչև հիմա անազատության մեջ գտնվող մի քանի տասնյակ հայ ռազմագերիներին: Ամենացավալին այն է, որ միջազգային հանրության ճնշումից խուսափելու համար Ադրբեջանը ինչ-որ պահից ռազմագերիներին սկսեց անվանել «ահաբեկիչներ»»,- ընդգծել է ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանը:

Նա հիշեցրել է, որ մի քանի օր առաջ Human Rights Watch կազմակերպությունը զեկույց է հրապարակել, որը հաստատում է, որ Ադրբեջանի զինված ուժերը բռնություն են գործադրել հայ ռազմագերիների նկատմամբ: Կազմակերպությունը հարցազրույց է վերցրել 4 նախկին ռազմագերիներից, որոնք պատմել են անմարդկային վերաբերմունքի և խոշտանգումների մասին, նշել, որ իրենց տանջել են հոսանքով, կրակայրիչով, սրիչներով։

«Կցանկանայի խոսել նաև Ադրբեջանի վերահսկողության տակ մնացած տարածքներում մշակութային և կրոնական հուշարձանների բարբարոսական ոչնչացման մասին: Ադրբեջանցիները փորձում են հայկական հուշարձանները վերագրել կովկասյան ալբանացիներին և արգելում են UNSECO-ի մասնագետների մուտքը: Ադրբեջանի նպատակը ոչ միայն հայերին Լեռնային Ղարաբաղից բնաջնջելն է, այլև հայկական մշակութային և կրոնական ժառանգությունը վերացնելն է՝ այս տարածքում հայերի հազարամյա ներկայության որևէ հետք չթողնելու համար: Ադրբեջանցիները ջնջում են խաչերն ու հայերեն լեզվով հնագույն արձանագրությունները, վերացնում են բոլոր քրիստոնեական սրբապատկերները»,-նշել է դեսպան Ծովինար Համբարձումյանը:

  • Կիսվել: