երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ՀՀ ԲՏԱ նախարարությունը պատրաստ է օգնել ՀՀ տեղափոխված օտարերկրացիներին աշխատանք գտնելու հարցում․ մանրամասներ

ՀՀ ԲՏԱ նախարարությունը պատրաստ է օգնել ՀՀ տեղափոխված օտարերկրացիներին աշխատանք գտնելու հարցում․ մանրամասներ

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը պատրաստ է օգնել ՀՀ տեղափոխված օտարերկրացիներին աշխատանք գտնելու հարցում: Անհրաժեշտ է ուղարկել ինքնակենսագրականը (CV, Resume) [email protected] էլեկտրոնային հասցեին՝ նամակում պարտադիր նշելով՝ ինչ աշխատանք եք փնտրում (ոլորտ, մասնագիտություն):

Ոչ ռեզիդենտներին հայկական ընկերությունում գրանցելու ամենապարզ տարբերակը նրանց հետ ծառայությունների մատուցման համար քաղաքացիական իրավունքի պայմանագիր կնքելն է։ Աշխատակցի հետ աշխատանքային պայմանագիր կնքելու համար աշխատակիցը պետք է ունենա ՀՀ-ում բնակության թույլտվություն։

Աշխատանքի թույլտվություն ստանալու վերաբերյալ՝ օտարերկրացիների համար գործում է https://workpermit.am/ru/home միասնական էլեկտրոնային հարթակը: Կայքը օտարերկրացիներին աշխատանքի թույլտվության էլեկտրոնային համակարգ է, որը օտարերկրացի աշխատակից վարձել ցանկացող գործատուին հնարավորություն է տալիս ամբողջությամբ առցանց ռեժիմով իրականացնել աշխատանքի գրանցումն ու վարձել նախընտրած թեկնածուին՝ փաստաթղթավորելով վերջինիս սահմանված ընթացակարգով:

Օտարերկրացի աշխատողի ներգրավման միասնական էլեկտրոնային հարթակը ստեղծվել և տնօրինվում է Հայաստանի Հանրապետության Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միգրացիոն ծառայության կողմից:


ԵԱՏՄ մասին պայմանագրի համաձայն՝ Եվրասիական տնտեսական միության անդամ–երկրների քաղաքացիները և նրանց ընտանիքի անդամները աշխատանքային գործունեության ողջ ընթացքում ազատվում են Հայաստանի Հանրապետությունում աշխատանքային գործունեություն իրականացնելու համար աշխատանքի թույլտվություն ստանալու պահանջից։

  • Կիսվել: