կիրակի, մարտ 16
16 / 3 / 2025
«Հեռվից գեշ երևում էին»․ բուսաբանական այգու գյուղատնտեսը՝ հատված ծառերի մասին

«Հեռվից գեշ երևում էին»․ բուսաբանական այգու գյուղատնտեսը՝ հատված ծառերի մասին

Այսօր համացանցում բլոգեր Էդուարդ Հայրումյանը տարածեց լուսանկարներ՝ պնդելով, որ բուսաբանական այգում հատվել են առողջ կաղնիներ։ «Երևանի բուսաբանական այգում հատվել են մոտ 30 հատ կենսունակ կաղնու ծառ (ըստ ականատեսների պատմածի վերջին մի քանի ամիսներին)։

«Եթե ինչ-որ մեկը կասի, որ այդ ծառերը չորացած էին, կասեք որ «ՍՏՈՒՄ Է», քանի որ՝

1. Բոլոր հատված ծառերի կողքերում կար թափված մեծ քանակի թարմ կաղին և կաղնու տերևներ՝ ինչը փաստում է, որ ծառերը չորացած չէին։

2. Բոլոր հատված ծառերի բների կողքից կան նոր ծլած կանաչ շիվեր։

3. Տարածքում կային իրոք չորացած այլ ծառեր (ոչ կաղնի) որոնք հատված չէին, փոխարենը հատված էին միայն կաղնու ծառեր։

4. Կաղնու ծառի փայտանյութն այսօր շուկայում ամենաարժեքավորն է (դուբից պառկետը վկա) ու հատված մեկ ծառի փայտանյութի շուկայական արժեքը կարող հասնել մի քանի միլիոն դրամի։

5. Google-ի արբանյակային լուսանկարներում պարզ երևում է, որ այդ հատվածում բոլոր ծառերը կանաչ էին»,-լուսանկարներիմ կից գրել է Հայրումյանը։

Factor.am-ը փորձեց մեկնաբանություն ստանալ բուսաբանական այգուց, մեզ հաջողվեց կապ հաստատել այգու գյուղատնտես Նորիկ Շատոյանի հետ։ Նա փոխանեցեց, որ այդ տարածքում ոռոգման համակարգ չկա, ծառերը չորացել են։

«Կիսաչոր վիճակում էին այդ կաղնիները։ Կանալը հին քաշած էր, կտրված է եղել, չեն ոռոգվել, Վարդանյաններն ուզեցին վերանորոգել, չստացվեց, չորացան, կտրել են։ Հատվել են չոր ծառեր լինելու պատճառով»,-Factor.am-ի հետ զրույցում ասաց նա։  

Թե քանի ծառ է հատվել, Նորիկ Շատոյանն ասաց, որ հստակ չի կարող ասել։ Բասբանականի գյուղատնտեսը, սակայն, գիտի թե էլի ինչ են կտրելու առաջիկա օրերին։

«Կաղնի է հատվել, գլեդիչիա, թղկի, վերջը, չորացած ծառերը հատվել են՝ հեռվից գեշ երևում էին, կոտոշները տնգած։ Մի երկու հատ էլ կա, հլը չի կտրվել, սպասում ենք քաղաքապետարանը մեքենա տրամադրի։ Մի քանի հատ բարդի կա, մի երկու հատ ուռի, մի երկու հատ էլ կաղնի, լրիվ չոր են, տարիքային չորացել են։ Բարդիներն, օրինակ, կարող է քամին բան անի, ընկնի մարդկանց վրա»,-ասաց նա՝ նշելով, որ ծառերը հատվել են 2021, 22, 23, 24 թվականներին։

Հարցին՝ հրապարակված լուսանկարներում ծառերի բները բավականին առողջ տեսք ունեն, գյուղատնտեսն ասաց․ «Անջուր է եղել, միանգամից չորացել է։ Եթե կանաչ լինի, ո՞նց կարող է հատվել, անհնար է, երբեք։ Չոր է եղել, կտրվել է»։

Հետարքրվեցինք՝ ի՞նչ են անելու հատված ծառերը։ Նորիկ Շատոյանն ասաց, որ պահեստավորելու են, իսկ հետո վաճառեն։ «Պահեստավորում ենք, արեք ձեզ ցույց կտամ։ Պահեստավորում ենք, որ հետո վաճառենք, եթե ուզող լինի։ Մենք երկու տեսակի փայտ ունենք՝ բարձրորակ և ցածրորակ, 20 հազարով և 7 հազարով ենք վաճառում 1 խորհանարդ մետրը, բայց դրանք ոչ կենսունակ են»։

Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ, բ.գ.թ., դոցենտ Քրիստինա Վարդանյանը Factor.am-ի հետ զրույցում ասաց, որ չի կիսում այն տեսակետը, որ հատված ծառները ոչ կենոսունակ են։ «Եթե ծառը կտրում են, չորացած ծառն էլ պետք է փաստաթղթավորված լինի։

Թող մեզ լուսանկարները ցույց տան, որ այդ ծառերը չոր են։ Ամեն հատված ծառ պետք է ունենա փաստաթուղթ, թող փաստաթղթերով ցույց տան։ Ոչ մեկ. չի կարող վերցնի ու գնա կտրի, հենց այնպես ասելով չի, որ չոր են եղել»,-ասաց նա։

  • Կիսվել: