երեքշաբթի, ապրիլ 8
8 / 4 / 2025
Հայրապետյանը Փարիզում հայ համայնքի ներկայացուցիչների հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործակցության հնարավորությունները

Հայրապետյանը Փարիզում հայ համայնքի ներկայացուցիչների հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործակցության հնարավորությունները

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը Ֆրանսիա կատարած այցի ընթացքում որպես բանախոս հանդես է եկել ապրիլի 5-6-ը Փարիզում անցկացված ՀԲԸՄ Եվրոպայի «Կորիզ» (Goriz) առաջնորդության զարգացման հեղինակային ծրագրի շրջանակում՝ ներկայացնելով Սփյուռքի համայնքների հետ համագործակցության և փոխվստահության ամրապնդման, ինչպես նաև Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացմանը նպաստող նոր հնարավորություններ։ Այս մասին հայտնում են ԲՏԱ նախարարությունից։

Միջոցառումը միտված է եվրոպայում բնակվող հայ երիտասարդ առաջնորդներին և նպատակ ուներ ոգեշնչել, կրթել ու զինել առաջնորդների հաջորդ սերնդին, որոնք կարող են ավելի մեծ ներգրավվածություն ունենալ Հայաստանի զարգացման գործում:

Նախարարը մասնակիցներին ներկայացրել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության գործունեությունն ու ծրագրերը, ոլորտի զարգացմանն ուղղված մի շարք օրենսդրական բարեփոխումները՝ ընդգծելով, որ բարձր տեխնոլոգիաների ոլորտի շարունակական զարգացումը ՀՀ կառավարության առաջնահերթություններից է և տնտեսության զարգացման կարևորագույն բաղադրիչներից։

Մասնավորապես, նախարարը կարևորել է Սփյուռքի տեխնոլոգիական ներուժի առավել արդյունավետ օգտագործման հնարավորությունների և ուղիների բացահայտումն ու կիրառումը։

Նա անդրադարձել է նաև նախարարության կողմից իրականացվող «Ներուժ» սփյուռքի տեխնոլոգիական ստարտափների ծրագրին, որի նպատակն է խթանել մասնագիտական հայրենադարձությունը, Հայաստան ներմուծել նոր ստարտափ էկոհամակարգեր, ամրապնդել Հայաստան-Սփյուռք կապը և նպաստել երկրի տնտեսական զարգացմանը։

Միջոցառմանը մասնակցել են շուրջ 35 երիտասարդներ Եվրոպայի տարբեր երկրներից։ Նրանք մասնակցել են քննարկումներին, որոնք վերաբերում էին առաջնորդությանը և մշակութային ինքնությանը, Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին ու հնարավորություններին, ինչպես նաև ձեռնարկատիրությանը՝ որպես նորարարության և ազդեցիկ բիզնեսների կառուցման շարժիչ ուժի։

Բանախոսների թվում էին նաև ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին, 2018-2020 թթ.-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, Google-ի բրենդ ռազմավարության և բովանդակության տնօրեն Տալին Մուրադյանը, ChinAR Tech-ի համահիմնադիր Միհրան Փափազյանը և քաղաքական վերլուծաբան Քրիստիան Մակարյանը։

Միջոցառման ավարտին տեղի են ունեցել թեմատիկ բաց քննարկումներ, որոնց ընթացքում նախարար Հայրապետյանը պատասխանել է մասնակիցների հարցերին։

  • Կիսվել: