կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան նվիրված վահանակներ են տեղադրվել Կրասնոդարում

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան նվիրված վահանակներ են տեղադրվել Կրասնոդարում

Կրասնոդարի Ռուսաստանի հայերի միությունը Հայոց ցեղասպանության տարելիցին ընդառաջ վահանակներ է տեղադրել Կրասնոդար քաղաքի փողոցներում։ Տեղեկատվական վահանակները հիշեցնում են, որ 1915-1923թթ. ժամանակահատվածում ավելի քան մեկուկես միլիոն հայ է սպանվել Օսմանյան կայսրությունում։

Միջազգային առաջին արձագանքը 1915թ. մայիսի 24-ի Ֆրանսիայի, Ռուսաստանի և Մեծ Բրիտանիայի համատեղ հայտարարությունն էր, որտեղ հայ ժողովրդի նկատմամբ կատարված բռնությունները բնորոշվեցին որպես «հանցագործություն մարդկության և քաղաքակրթության դեմ»։ Նշենք, որ Ռուսաստանի Պետդուման 1995 թվականի ապրիլի 14-ին` 1915-1923 թթ. ցեղասպանություն իրագործողներին դատապարտող և ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի Հիշատակի օր ճանաչող հռչակագիր է ընդունել, իսկ 2005 և 2015 թվականներին ընդունել է նմանատիպ հռչակագրեր 90-րդ և 100-րդ տարելիցների կապակցությամբ։ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր է համարվում 1915 թ․ ապրիլի 24-ը, երբ Օսմանյան կայսրության մայրաքաղաք Կոստանդնուպոլսում, ըստ նախօրոք պատրաստված ցուցակների ձեռբակալվել և սպանվել են հարյուրավոր երևելի հայազգի մտավորականներ։

Կուբանի հայ համայնքի ներկայացուցիչների մեծ մասի նախնիները Հայոց ցեղասպանությունից հրաշքով փրկվել և բնակություն են հաստատել ռուսական հողի վրա: Այսօր նրանք Ռուսաստանի լիարժեք քաղաքացիներ են, ովքեր իրենց արժանի ներդրումն են կատարում երկրի զարգացման, բարգավաճման և անվտանգության ամրապնդման գործում։ Միևնույն ժամանակ, նրանք չեն մոռանում իրենց պատմությունը և երախտապարտ են Ռուսաստանին իրենց նախնիներին փրկելու համար։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: