Հայկական ընկերությունները Ադրբեջանի հարձակման հետևանքով 20 միավոր տեխնիկա են կորցրել
ՀՀ կառավարությունը կփոխհատուցի ՀՀ պաշտպանության նախարարության պատվերով ճանապարհաշինական և ինժեներական աշխատանքներ կատարող կազմակերպություններին, որոնք տուժել են 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների հետևանքով։
Որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստում` ՀՀ ՊՆ–ին իրավունք վերապահելով վնասի փոխհատուցման մասին կետ ավելացնել այդ կազմակերպությունների հետ կնքված պայմանագրերում։
Կառավարության որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ ՊՆ–ի պատվերով ճանապարհաշինական և ինժեներական աշխատանքներ կատարող ընկերությունների տեխնիկան ռազմական գործողությունների հետևանքով հնարավոր չի եղել դուրս բերել ռազմական գործողությունների գոտիներից, և դրանք անցել են հակառակորդի տիրապետության տակ:
Թե որքան գումար կպահանջվի նշված վնասը պետական միջոցների հաշվին փոխհատուցելու համար, կառավարությունում առայժմ չգիտեն, քանի որ գույքի գնահատման և փոխհատուցման հաշվարկն իրականացնելու է ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեի «Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ–ը:


