հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Հայկական կողմից հավանաբար, որպես առաջնային կարիք հնչել է զենքի ամերիկյան մատակարարման հարցը. «Ազգային առաջընթաց» կուսակցության նախագահը Փելոսիի հայաստանյան այցի մասին

Հայկական կողմից հավանաբար, որպես առաջնային կարիք հնչել է զենքի ամերիկյան մատակարարման հարցը. «Ազգային առաջընթաց» կուսակցության նախագահը Փելոսիի հայաստանյան այցի մասին

«Ազգային առաջընթաց» կուսակցության առաջնորդ Հայկ Գրիգորյանը անդրադարձել է ԱՄՆ ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի հայաստանյան այցի հիմնական ուղերձներին:

Ըստ գործչի Փելոսին եկել էր լսելու և հասկանալու հայկական կողմի կարիքները և ակնկալիքները:

«Հայկական կողմից հավանաբար, որպես առաջնային կարիք հնչել է զենքի ամերիկյան մատակարարման հարցը։ Բայց արդյոք հնարավոր է ԱՄՆ զենք մատակարարի Ռուսաստանի դաշնակից եւ ՀԱՊԿ անդամ երկրի, սա է հարցը»,- նշել է Գրիգորյանը` ընդգծելով, որ Փելոսին թեպետ արձանագրել է՝ ՀՀ-ի ՀԱՊԿ-ից դուրս գալու հարցը հենց ՀՀ-ի որոշելիքն է։

«Բայց, ենթադրում եմ, որ դրանից է կախված լինելու հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացումը ռազմական ոլորտում։ Անհնար է ԱՄՆ-ի կողմից լուրջ զենքի լուրջ մատակարարում Ռուսաստանի դաշնակցին։ Այսքանով հանդերձ՝ ԱՄՆ վերահաստատեց՝ այլ երկրների հետ հարաբերություններում կօգտագործեն իրենց լծակները՝ ցույց տալու, որ ՀՀ ինքնիշխանությունն ու ժողովրդավարությունն առաջնային են»,- նկատում է Գրիգորյանը։

Նա ընդգծեց, որ այցի կարևոր արձանագրումը Փելոսիի կողմից ԱՄՆ Կոնգրեսի անունից Ադրբեջանի մահաբեր հարձակումը Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա դատապարտելը։

«Ադրբեջանը արդեն իսկ դժգոհել է այս կապակցության, և դա շատ լավ է՝ հայտնվեց մեկը, ով Ալիեւին կանգնեցրեց։ Դա ընդգծել է նաեւ հայկական կողմը՝ հրադադարը ԱՄՆ ջանքերով է իրականություն դարձել»,- նշեց Գրիգորյանը։ Ըստ նրա` շատերի համար բացահայտում էր նաև այն, որ ԱՄՆ ի զորու է զսպել նաև Թուրքիային:

«ԱՄՆ այդ հակազդեցության մասին Փելոսին հատուկ ընդգծեց: Սա հատկապես թող լավ լսեն՝ «ռուսը չլինի՝ թուրքը մեզ կգրավի» ասողները։ Ռուսական ռազմաբազան գերագնահատողները թող լավ իմանան՝ ԱՄՆ է զսպում Թուրքիային առանց ռազմաբազայի, ոչ թե ռուսական ռազմաբազան»,- ընդգծեց քաղաքական գործիչը։

  • Կիսվել: