շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
«Հայկական ավիաուղիները» օդանավ շահագործողի վկայական է ստացել

«Հայկական ավիաուղիները» օդանավ շահագործողի վկայական է ստացել

Կոմերցիոն փոխադրումներ իրականացնելու ծրագիր ունեցող «Հայկական ավիաուղիներ» ՍՊԸ-ն վերջերս՝ դեկտեմբերի 27-ին, ՀՀ քաղավիացիայի կոմիտեի կողմից օդանավ շահագործողի վկայական (ՕՇՎ) է ստացել: ՕՇՎ-ն այն փաստաթուղթն է, առանց որի հնարավոր չէ առեւտրային ավիափոխադրումներ կատարել: Այս մասին տեղեկացնում է Hetq.am-ը:

Հիշեցնենք, որ 2021 թ. հիմնադրված «Հայկական ավիաուղիներ» ՍՊԸ-ն որեւէ կապ չունի ՀՀ նախկին ազգային ավիափոխադրող «Հայկական ավիաուղիներ» ՓԲԸ-ի հետ (վերջինս սնանկ է ճանաչվել 2004-ին, լուծարվել՝ 2020-ին):

Կառավարության 2005 թ. որոշման համաձայն՝ ՕՇՎ-ն կարող է տրվել մինչեւ 2 տարի ժամկետով, որից հետո փոխադրողը կարող է դիմել՝ այն երկարաձգելու համար: Ինչպես տեղեկանում ենք ՔԱԿ-ի կայքից, նորաստեղծ «ՀԱՈւ»-ի վկայականի գործողության ներկա ժամկետը մինչեւ 2024 թ. դեկտեմբերի 27-ն է:

 

Ինչպես արդեն գրել ենք, «ՀԱՈւ»-ն իր գույներով է ներկել 2 հատ «Airbus A321-200» տիպի ինքնաթիռ, որոնք, սակայն, դեռ չեն գրանցվել ՀՀ օդանավերի ռեգիստրում (ռեգիստրի վերջին թարմացումն արվել է դեկտեմբերի 19-ին): Այդուհանդերձ, դրանցից մեկը (ավստրիական OE-ISO գրանցումով) դեկտեմբերի 7-ին Սլովենիայի մայրաքաղաք Լյուբլյանայից տեղափոխվել է Երեւան, իսկ մյուսը (բերմուդյան VP-BHN գրանցումով) դեռ գտնվում է Լյուբլյանայում:

Նշված օդանավերից առաջինն արտադրվել է 2012-ին, երկրորդը՝ 2007-ին: Երկուսի սեփականատերն էլ ամերիկյան «Air Lease Corporation»-ն է:

 

Նկատենք նաեւ, որ այս նոր ավիափոխադրողն օգտագործում է այլեւս գոյություն չունեցող «Հայկական ավիաուղիներ» ՓԲԸ-ի լոգոն:

ՕՇՎ ստանալուց հետո ընկերությունը պետք է հայտ ներկայացնի եւ կանոնավոր օդային փոխադրումների հավաստագիր ստանա ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունից ու նշանակվի կոնկրետ ուղղություններով փոխադրող: Բացի դրանից՝ միջազգային փոխադրումներ կատարելու համար անհրաժեշտ է, որ ավիաընկերությունն ունենա IATA-ի ու ICAO-ի կոդեր: Ոչ կանոնավոր (չարտերային) չվերթերի համար բավարար է միայն ICAO-ի կոդ ունենալը, սակայն կանոնավոր թռիչքների համար պարտադիր է IATA-ի կոդը:

ՔԱԿ-ի կայքում «Հայկական ավիաուղիներ» ՍՊԸ-ի տվյալների դիմաց ICAO-ի կոդ առայժմ նշված չէ, IATA-ի կայքում եւս որեւէ ինֆորմացիա չկա այս ընկերության մասին: 

  • Կիսվել: