Հայկ Մարությանը բողոքի ակցիայի ընթացքում դիմեց Նիկոլ Փաշինյանին
Մենք Փաշինյանից դեռ պատասխան չենք ստացել, ամբողջ հանրությունն այս պատասխանին է սպասում։ Կառավարության ղեկավարը պետք է արտահայտի իր վերաբերմունքն այս ամենի վերաբերյալ, որովհետև սա կոնկրետ հարվածում է հենց այն մարդկանց, այն սոցիալական խմբերին, որոնց խոստում տալով նա եկել է իշխանության։ Այս մասին այսօր հանրային տրանսպորտի թանկացման դեմ բողոքի ակցիայի ժամանակ ասաց Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը՝ դիմելով Նիկոլ Փաշինյանին, և հիշեցնելով, որ վերջին օրերին երկու անգամ Փաշինյանի ֆեյսբուքյան էջի մեկնաբանություններում երկու անգամ հարց է ուղղել նրան։
«2018 թվականին նա հենց սոցիալական անարդարության դեմ պայքարի այդ ալիքի վրա եկավ և դարձավ երկրի ղեկավար։ 100 հազարավոր մարդիկ դուրս էին եկել փողոց սոցիալական խնդիրների պատճառով։ Պարո՛ն Փաշինյան, դուք պայքարում էիք սոցիալական անարդարության դեմ, հիմա այս որոշումն ամենաուժեղը հարվածում է այն մարդկանց, ում համար դուք պայքարում էիք։ Մենք տեսնում ենք՝ ինչպես են ձեր կուսակցական ընկերները մեջ–մեջ անում պետական և համայնքային բյուջեն»,–ասաց Հայկ Մարությանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայկ Մարությանը քաղաքացիների հետ բողոքի ակցիա է իրականացնում հանրային տրանսպորտի թանկացման դեմ։ Բողոքի ակցիային միացել է նաև ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։