ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Հայաստանում տարեկան գրանցվում է կրծքագեղձի քաղցկեղի 1300 նոր դեպք

Հայաստանում տարեկան գրանցվում է կրծքագեղձի քաղցկեղի 1300 նոր դեպք

Հայաստանում ամեն տարի գրանցվում է կրծքագեղձի քաղցկեղի 1300 նոր դեպք, ինչը բավական բարձր ցուցանիշ է նախորդ տարիների համեմատ: 2000 թվականին այդ թիվը 600-ից մի փոքր ավելին է եղել: Հրավիրված ասուլիսում ՀՀ ԱՆ Վ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրենի տեղակալ, ուռուցքաբան-վիրաբույժ Արթուր Ավետիսյանը նշեց, որ հիվանդությունն ավելի հաճախ հանդիպում է 45-55 տարեկան կանանց մոտ: Ինչո՞վ է պայմանավորված հիվանդացության ցուցանիշի աճը:

«Հիվանդության հայտնաբերման գործում հետազոտությունների որակի մակարդակի տարեցտարի բարձրացումը, նոր սարքավորումներն իրենց դերն ունեն: Դրանից բացի, նախորդ տարիների համեմատ քաղաքացիների դիմելիությունն ավելացել է, մեր քաղաքացիներն սկսել են ավելի շատ հետևել իրենց առողջությանը, սակայն դա դեռ ցանկալի ակտիվություն չէ: Մենք դեռ շատ հեռու ենք անհրաժեշտ արդյունքից»,-ասաց Արթուր Ավետիսյանը:  

Հիվանդացության ցուցանիշի աճը բնորոշ չէ միայն Հայաստանում: Այն խնդիր է աշխարհի բազմաթիվ երկրների համար: Հետևաբար, առողջապահական համակարգերի համար առաջնային հարց է շարունակում մնալ կանխարգելումը: Մասնագետն ընդգծեց, որ կրծքագեղձի քաղցկեղը քաղցկեղի այն տեսակներից է, որի բուժման արդյունավետությունը բավական բարձր է, եթե այն վաղ փուլում է հայտնաբերվում:  ՀՀ ԱՆ Վ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի բժիշկ-ռադիոլոգ Սոնա Ջիլավյանի խոսքով՝ այս պարագայում պարբերաբար հետազոտությունը պետք է առաջնային լինի:

«Կրծքագեղձի հետազոտության համար տարբեր մեթոդներ կան՝ ուլտրաձայնային հետազոտություն, մամոգրաֆիա: Բոլոր կանայք, որոնց 40 տարին լրացել է, պարբերաբար պետք է պարտադիր հետազոտվեն: 45 տարեկանից բարձր կանանց համար պարտադիր է տարին մեկ անգամ անցնել մամոգրաֆիկ հետազոտություն»,-ասաց Սոնա Ջիլավյանը:

Կանխարգելման գործընթացում կարևոր դերակատարում ունի սքրինինգային ծրագիրը: Սարքավորումներով հագեցած շարժական կենտրոնն արդեն 2021 թվականից սկզբից աշխատում է Տավուշի, Լոռու, Սյունիքի մարզերում: Տարբեր համայնքներից նախապես հերթագրված կանայք հնարավորություն ունեն անվճար հետազոտվել: Շարժական կենտրոնում արդեն 15 հազար կին հետազոտվել է, որից 1000-ը լրացուցիչ հետազոտության անհրաժեշտություն է ունեցել: Որևէ կասկածի դեպքում նշանակված լրացուցիչ հետազոտությունները նույնպես անվճար են: Մասնագետները նշում են, որ շատ քիչ տոկոսն է պատրաստակամ շարունակել հետազոտությունը: Դա նշանակում է, որ քաղաքացիների շրջանում իրազեկման մակարդակի բարձրացման ուղղությամբ զգալի անելիքներ կան: 

  • Կիսվել: