երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Հայաստանում ներկայացվել է Չինաստանի խնամատար ընտանիքներում երեխաների խնամքի կազմակերպման հաջողված փորձը

Հայաստանում ներկայացվել է Չինաստանի խնամատար ընտանիքներում երեխաների խնամքի կազմակերպման հաջողված փորձը

ՀՀ ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամներն այսօր հանդիպել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հրավերով Հայաստան ժամանած «Շանհայի երեխաները» նախագծի ներկայացուցիչների հետ, որոնց թվում են «Երեխաների խնամք» ՀԿ հիմնադիր Ռոբերտ Գլովերը և Մեծ Բրիտանիայի արքայական տան անդամ արքայազն Մայքլ Քենթացու ներկայացուցիչ Նիկոլաս Չենսը: 
  
Ողջունելով հյուրերին` հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը նշել է. «Մեծապես կարևորում ենք Հայաստանում խնամատարության ինստիտուտի զարգացումը, քանի որ երեխաների դաստիարակությունն ու խնամքն ընտանեկան միջավայրում այլընտրանք չունեն, և պետք է շարունակական ջանքերն ուղղել` կանխարգելելու երեխաների մուտքը հաստատություններ»:

Հանձնաժողովի նախագահն անդրադարձել է մեր երկրում այդ ինստիտուտի զարգացման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին: 

«Երեխաների խնամք» ՀԿ հիմնադիր Ռոբերտ Գլովերի խոսքով՝ երեխաներն իրենց շատ ավելի լավ են զգում, երբ մեծանում են ընտանիքում, թեկուզ` խնամատար, քանի որ անփոխարինելի է երեխայի` ծնողների հետ ֆիզիկական շփումը: 

Հյուրերը նշել են, որ խնամատարության ինստիտուտի զարգացման իրենց հաջողված փորձի վերաբերյալ Երևանում կցուցադրվի «Շանհայի երեխաները» ֆիլմը, որի ստեղծման պատմության հիմքում առանց ծնողական խնամքի մնացած շուրջ մեկ միլիոն չինացի երեխաների` խնամատար ընտանիքներում ապրելու պատմությունն է։

 

  • Կիսվել: