հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Հայաստանում մեկնարկում է սիրողական որսաշրջանը

Հայաստանում մեկնարկում է սիրողական որսաշրջանը

Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի հրամանով սահմանվել է 2022-2023 թվականների որսի կենդանիների ցանկը, դրանց օգտագործման թույլատրելի չափաքանակները և որսի ժամկետները։
 
2022-2023 թվականների որսաշրջանի ընթացքում սույն հրամանի հավելվածով սահմանված կենդանատեսակների համար որսի թույլտվություն ունեցող անձինք կարող են իրականացնել մոխրագույն ագռավի, սովորական կաչաղակի, գայլի և շնագայլի անսահմանափակ որս։
 
«Հրամանն ուժի մեջ մտնելու հաջորդ օրվանից որսորդական միություններին տրամադրվում են նախապես հայտագրված քանակի լիցենզիաներ, որոնք կազմակերպությունների ներսում կբաշխվեն որսորդական միության անդամների միջև։
 
Որսորդությամբ զբաղվող և համապատասխան լիցենզիաներ ունեցող մեր հայրենակիցներին հորդորում ենք որսի շրջանում ապահովել և խստագույնս պահպանել անվտանգության բոլոր կանոնները, որսն իրականացնել բացառապես տրամադրված լիցենզիաներում նշված չափաքանակով՝ գերորսը բացառելու նպատակով և, ինչն ամենակարևորն է, բնության նկատմամբ դրսևորել առավելագույն հոգատարություն։
 
Որսաշրջանի ընթացքում իրականացվող որսի թույլատրելի չափաքանակների պահպանման հարցը լինելու է շրջակա միջավայրի նախարարության և պատասխանատու պետական այլ մարմինների ամենօրյա ուշադրության կենտրոնում»,- նշված է ՇՄ նախարարության հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: