շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Հայաստանում խոզի գրիպից 2 մարդ է մահացել

Հայաստանում խոզի գրիպից 2 մարդ է մահացել

Հանրապետությունում գրիպի A տեսակի H1N1 ենթատեսակի վարակից գրանցվել է 2 մահվան դեպք։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսին ասաց ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ եւ ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը։

«Մահացած պացիենտները 35 տարեկան էին: Ընդ որում, նրանցից մեկն ունեցել է խրոնիկ հիվանդություններ, 4-րդ աստիճանի ճարպակալում: Այսինքն՝ գտնվել է ռիսկի խմբում»,- մանրամասնեց նա՝ ընդգծելով, որ հիվանդության սկզբնական փուլում բժշկին դիմելը կօգնի փրկել կյանքեր:

Նա նշեց, որ հանրապետությունում այս պահի դրությամբ դիտվում է սուր շնչառական վարակների հիվանդացության միջին ակտիվություն։

«Եվրոպական տարածաշրջանի 33 երկրում նկատվում է գրիպի տարածվածության բարձր ակտիվություն։ Եվրոպական տարածաշրջանի երկրներում շրջանառվում է գրիպի A տեսակի H3N2 ենթատեսակը, սակայն ՌԴ-ում եւ Հայաստանում առավել շատ շրջանառվում է գրիպի A տեսակի H1N1 ենթատեսակը, որն ընթանում է բավականին ծանր։ Եթե ժամանակին չդիմեք բժշկական օգնության՝ կարող է բերել մահվան ելքի»,- նշեց Աբովյանը։

Նրա խոսքով՝ A տեսակի գրիպն առավել շատ խոցում է երեխաներին. «Ամսի 3-ի դրությամբ ունենք հիվանդանոցային բաժանմունքներում թոքաբորբով հոսպիտալացված 209 պացիենտ, որոնցից 127-ը 0-18 տարեկան երեխաներ են։ Հիվանդանոցների վերակենդանացման բաժանմունքում ունենք 55 պացիենտ, որոնցից 47-ը եւս 0-18 տարեկան երեխաներ են։ Հիվանդանոցների բաժանմունքներում ունենք հոսպիտալացված 584 պացիենտ, որոնցից 96 տոկոսը 0-18 տարեկան երեխաներ են»։

Աբովյանն ասաց, որ մանկական ազգաբնակչությանը սպասարկող հիվանդանոցներն աշխատում են ծանրաբեռնված. «Բավականին բարձր դիմելիություն ունենք։ Շատ դեպքերում դիմում են արդեն բավականին ուշացած»։

Նա նշեց, որ Հայաստանն ապահովված է այդ ենթատեսակի վարակի բուժման համար նախատեսված դեղորայքով. «Այդ դեղորայքի՝ առաջիկա 48 ժամվա օգտագործման դեպքում կարող ենք կանխել ծանր եւ ծայրահեղ ծանր դեպքերը, այդ թվում՝ մահերը»։

 

 

 

 

 

 

  • Կիսվել: