ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Հայաստանում է ՌԴ գլխավոր նյարդավիրաբույժ, ակադեմիկոս Վլադիմիր Կռիլովը

Հայաստանում է ՌԴ գլխավոր նյարդավիրաբույժ, ակադեմիկոս Վլադիմիր Կռիլովը

Հայաստանում է ՌԴ գլխավոր նյարդավիրաբույժ, ակադեմիկոս Վլադիմիր Կռիլովը: Մոսկվայի Սկլիֆոսովսկու անվան շտապ օգնության գիտահետազոտական ինստիտուտի իր բժշկական թիմի հետ նա այսօր այցելել է «Էրեբունի» ԲԿ՝ ծանոթանալու բժշկական կենտրոնի հնարավորություններին և քննարկելու հետագա համագործակցության հեռանկարները:

«Էրեբունի» ԲԿ գործադիր տնօրեն, պրոֆեսոր Միքայել Մանուկյանը ռուսաստանցի գործընկերներին նախ ներկայացրել է բժշկական կենտրոնի հնարավորությունները, կատարվող բազմապրոֆիլ վիրահատությունների մեծ ծավալը, վերջին տարիներին ներդրված վիրահատական նոր մեթոդները:

Նյարդավիրաբուժության ոլորտում հատկապես կարևորվել են հանրապետությունում և մասնավորապես «Էրեբունի» ԲԿ-ում ներդրված սուր իշեմիկ կաթվածի բուժման ծրագիրը, ինչպես նաև գլխուղեղի և ողնաշարի բացառիկ վիրահատական միջամտությունները: «Էրեբունի» ԲԿ ղեկավարությունը խիստ կարևորում է ոչ բաց եղանակով կատարվող վիրահատությունները, ուստի նման միջամտություններ մեծ ծավալով և հաջողությամբ իրականացվում են վիրաբուժական թիմերի կողմից:

Հանդիպման ընթացքում առանձնահատուկ կարևորվել են նաև օրթոպեդիկ-վնասվածքաբանական վիրահատությունները, որոնք կիրառվել են 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո՝ օգնելով վիրավոր զինվորներին: Ռուսաստանցի բժիշկները շրջել են նաև վիրահատական բլոկում, այցելել վիրասրահներ, ծանոթացել բժշկական կենտրոնի տեխնիկական հնարավորություններին:

Ակադեմիկոս Կռիլովը գոհունակությամբ նշել է, որ նման լուրջ մասնագիտական և տեխնիկական հնարավորթւյունները համատեղ աշխատանքի մեծ հեռանկար են ստեղծում: Քննարկվել են երկուստեք փորձի փոխանակման նոր ուղիները: Ռուս նյարդավիրաբույժը հայ գործընկերներին աշխատանքային այցով հրավիրել է Ռուսաստան՝ մասնակցելու աշնանը Սանկտ Պետերբուրգում նախանշված գիտաժողովին:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: