կիրակի, հոկտեմբեր 13
13 / 10 / 2024
Հայաստանի 19 դպրոցներում ֆրանսերենի խորացված ուսուցում կլինի. Անդրեասյանն ու Ֆրանսիայի դեսպանը հուշագիր են ստորագրել

Հայաստանի 19 դպրոցներում ֆրանսերենի խորացված ուսուցում կլինի. Անդրեասյանն ու Ֆրանսիայի դեսպանը հուշագիր են ստորագրել

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանության միջև այսօր տեղի է ունեցել փաստաթղթերի ստորագրման արարողություն՝ ուղղված ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատություններում ֆրանսերենի դասավանդման խթանմանը և զարգացմանը:

ԿԳՄՍՆ-ից  հայտնում են, որ փաստաթղթերը ստորագրել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ու ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին:

Միջոցառմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, նախարարության և դեսպանության աշխատակիցներ:

Ժաննա Անդրեասյանը, ողջունելով ԿԳՄՍ նախարարության և ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության միջև արդյունավետ համագործակցության հերթական փուլը, նշել է՝ մեկնարկելիք ծրագիրն ամբողջությամբ համահունչ է հանրակրթության ոլորտում իրականացվող բարեփոխումներին:

«Հանրակրթության նոր չափորոշչով մենք դպրոցներում օտար լեզուների իմացությունը բարելավելու խնդիր ենք դրել: Կարևորում եմ այն ջանքերը, որ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության հետ հետևողականորեն ներդնում ենք՝ ֆրանսերենի իմացության բարելավման ուղղությամբ: Ծրագրի շրջանակում դպրոցներում ներդրվելու են ֆրանսերենի ուսուցման նոր ծրագրեր, օգտագործվելու են նոր դասագրքեր և ուսումնական նյութեր, ինչպես նաև մեծ աշխատանք է տարվելու ուսուցիչների կարողությունների զարգացման ուղղությամբ՝ ձևավորելով վերապատրաստող ուսուցիչների խումբ»,- ասել է ԿԳՄՍ նախարարը:

Ժաննա Անդրեասյանն ընդգծել է՝ տարիների ընթացքում ֆրանսերեն դասավանդող ուսուցիչների կազմակերպված համայնք է ձևավորվել, որին նպաստել են նաև Ֆրանսիայի դեսպանության հետ համագործակցությամբ իրագործվող ծրագրերը:

«Հուսով եմ՝ նոր ծրագրի առաջին շահառուները՝ սովորողների հետ միասին, կլինեն նաև ուսուցիչները»,- ասել է նախարարը:

Նրա խոսքով՝ կհստակեցվի ֆրանսերենի խորացված ուսուցման ծրագրերով աշխատող դպրոցների ցանկը, որում այս պահին ընդգրկված է 19 դպրոց, սակայն դրանց թիվը կարող է ավելանալ՝ հաշվի առնելով, որ նոր ծրագրերը մեծ հետաքրքրություն կներկայացնեն նաև այլ դպրոցների շրջանում:

Շնորհակալություն հայտնելով ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատանը՝ Ժաննա Անդրեասյանն ընդգծել է՝ ֆրանկոֆոն միջավայրը բարելավելու ՀՀ ջանքերն  ուղղված են ֆրանկոֆոնիայի երկրների շարքում մեր երկրի՝ ավելի կայուն և զարգացող ներկայացվածության ապահովմանը: 

«2027 թվականին մեր երկիրը հանձնառություն է ստանձնել հյուրընկալելու Ֆրանկոֆոնիայի 10-րդ միջազգային մարզամշակութային խաղերը: Հատկապես նպատակուղղված ենք բարելավելու ֆրանկոֆոն միջավայրը, ինչպես նաև ընդլայնելու ու տարածելու ֆրանսերենի իմացությունն այս մեծ օրակարգի շրջանակում»,- եզրափակել է Ժաննա Անդրեասյանը:

«2027 թվականին մեր երկիրը հանձնառություն է ստանձնել հյուրընկալելու Ֆրանկոֆոնիայի 10-րդ միջազգային մարզամշակութային խաղերը: Հատկապես նպատակուղղված ենք բարելավելու ֆրանկոֆոն միջավայրը, ինչպես նաև ընդլայնելու ու տարածելու ֆրանսերենի իմացությունն այս մեծ օրակարգի շրջանակում»,- եզրափակել է Ժաննա Անդրեասյանը:

ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին շնորհակալություն է հայտնել կրթության, մշակույթի և սպորտի ոլորտներում համագործակցության համար: Նրա խոսքով՝ Հայաստանի՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանն անդամակցությունը ռազմավարական նշանակություն ունի:

«Ֆրանսիայի դեսպանությունը պատրաստ է տարբեր մարզամշակութային միջոցառումներ կազմակերպելու փորձառությամբ կիսվել Հայաստանի հետ՝ 2027 թվականին կայանալիք Ֆրանկոֆոնիայի 10-րդ խաղերին ընդառաջ: Մեզ համար դեռ վառ է 2018 թվականին Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովը Հայաստանում անցկացնելու հետ կապված հիշողությունը: 10 օրից Ֆրանսիայում տեղի կունենա Ֆրանկոֆոնիայի հերթական գագաթնաժողովը: Ֆրանկոֆոնիան մեր երկրների միջև շատ առանձնահատուկ կապ և տարբեր ուղղություններով համագործակցության հնարավորություններ է ստեղծում»,- ասել է դեսպան Օլիվիե Դըկոտինյին:

Դեսպանն ընդգծել է նաև ոչ միայն Երևանում, այլև ՀՀ մարզերում ֆրանսերենի ուսուցման տարածման անհրաժեշտությունը: Նա տեղեկացրել է՝ նախագծի շրջանակում Ֆրանսիան 600 հազար եվրո է ներդնելու՝ Հայաստանում ֆրանսերենի ուսուցման որոկի բարելավման և սովորողների կարիքների աջակցման նպատակով:

Դեսպանի խոսքով՝ ծրագիրը նախևառաջ աջակցելու է ֆրանսերենի ուսուցման ջատագովներին՝ ուսուցիչներին:

«Հնարավորություն եմ ունեցել Հայաստանի հեռավոր քաղաքներում և գյուղերում հանդիպելու ֆրանսերեն դասավանդող ուսուցիչների, որոնք առանձնահատուկ սեր են տածում ֆրանսիական մշակույթի, գրականության և լեզվի հանդեպ ու շատ լավ գիտեն, թե ինչպես փոխանցել այդ սերը: Նախագծի նպատակն է նաև ֆրանսերեն դասավանդող ուսուցիչների համար մանկավարժական վերապատրաստումներ իրականացնել՝ նրանց զինելով նոր մեթոդաբանությամբ: Մեր մյուս նպատակը ֆրանսերենի խորացված ուսուցման ցանցի ընդլայնումն ու  սովորողների կարիքների բավարարումն է: Վստահ եմ՝ միասին կկարողանանք մեծացնել ֆրանսերենի գրավչությունը» - նշել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանն ու շնորհակալություն հայտնել ֆրանսերենի զարգացման ու տարածման հարցում ներդրվող ջանքերի ու հետաքրքրության համար:

Համաձայն ստորագրված փաստաթղթերի՝ կողմերը համատեղելու են իրենց ջանքերն առ այն, որ ֆրանսերենի ուսուցիչների շարունակական, կանոնավոր և համակարգված վերապատրաստումը հնարավոր լինի ապահովել 2025 թվականից սկսած՝ յուրաքանչյուր ուսուցչի համար տարեկան առնվազն 10 օր տևողությամբ:

Ուսուցման 225-ժամյա փորձնական ծրագիր կիրականացվի ֆրանսերենի՝ որպես օտար լեզվի շուրջ 30 ուսուցիչների համար, որոնք հետագայում կդառնան իրենց գործընկեր ուսուցիչների վերապատրաստողներ: Փորձնական ծրագիրը կիրականացվի ֆրանսիական «France Education International» օպերատորի կողմից՝ «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամի հետ համատեղ:

Ստորագրված փաստաթղթերով նախատեսված են նաև մի շարք այլ ծրագրեր:

  • Կիսվել: