Հայաստան վերադառնալու ցանկություն հայտնած մինչև վերջին ՀՀ քաղաքացին կվերադառնա հայրենիք. Ադոնց
Հայաստան վերադառնալու ցանկություն հայտնած մինչև վերջին ՀՀ քաղաքացին կվերադառնա հայրենիք։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը։
Նրա խոսքով՝ ապրիլի 21-ի դրությամբ Հայաստան վերադարձողների թիվը հասնում է 1283-ի: «Ես ասում եմ այն թիվը, որն այսօրվա դրությամբ գրանցված է մեր դիվանագիտական ներկայացուցչություններում: Նրանք այն մարդիկ են, ովքեր դեռ չեն ներկայացել»,- ասաց փոխնախարարը։
Անդրադառնալով «Դոմոդեդովո»-ի օդանավակայանում օրեր շարունակ չվերթի սպասող ՀՀ քաղաքացիների խնդրին՝ Ավետ Ադոնցը նշեց, որ ՀՀ քաղաքացիներին Հայաստան տեղափոխելու համար ապրիլին Մոսկվայից իրականացվել է երեք թռիչք, երեկ և նախորդ օրը թռիչքներ են իրականացվել նաև Կրասնոդարից ու Դոնի Ռոստովից։
«Այդ գործընթացները շարունակվելու են՝ ցանկություն հայտնած մինչև վերջին ՀՀ քաղաքացին չվերադառնա Հայաստան»,- ասաց Ադոնցը։
Ինչ վերաբերում է «Դոմոդեդովո» օդանավակայանում մնացած ՀՀ քաղաքացիների խնդրին, փոխնախարարը նշեց, որ իրենք տեղյակ են, թե այնտեղ ինչ է տեղի ունենում, մոտ օրերս համապատասխան գործողություններ կիրականացնեն նրանց հայրենիք վերադարձնելու ուղղությամբ։
Խոսելով ՌԴ իշխանությունների կողմից «Դոմոդեդովո» օդանավակայանից ՀՀ քաղաքացիների դուրս բերելու հարցին՝ փոխնախարարն ասաց, որ քաղաքացիները պետք է ենթարկվեն տվյալ երկրի սահմանած կանոններին. «Եթե այդ կանոնները պահպանվեն, մենք խնդիրների առաջ չենք կանգնի»։
Հարցին` կան ռիսկային խմբում գտնվող դեսպաններ և հյուպատոսներ, Ավետ Ադոնցն ասաց, որ գործընկերներից մի քանիսը գտնվում են կարանտինի մեջ։
«Այս օրակարգի շրջանակներում դիվանագետների աշխատանքը կապված է նաև անմիջական կոնտակտների հետ: ՀՀ-ից դուրս գտնվող մեր քաղաքացիներին հորդորում եմ, երբ շփման մեջ են և եթե գիտեն, որ ունեն ախտանիշներ կամ ընտանիքի անդամի հիվանդության փաստն առկա է, ապա դրա մասին չթաքցնեն»,- ասաց նա։
Ավետ Ադոնցը նաև նշեց, որ ՌԴ-ում ՀՀ դեսպանության աշխատակիցների մի մասն ինքնամեկուսացման մեջ է` հայրենիք վերադառնալ ցանկացող հայրենակիցների հետ շփումից հետո։ «Ինչպես պարզվել է, Հայաստան վերադառնալուց հետո մեր հայրենակիցներից ոմանց մոտ կորոնավիրուսի թեստի արդյունքները դրական են եղել»,- ասաց փոխնախարարը:



