հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
«Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրեն է վերընտրվել Հայկակ Արշամյանը

«Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրեն է վերընտրվել Հայկակ Արշամյանը

Այսօր` նոյեմբերի 27–ին, տեղի է ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 30-րդ նիստը, որը վարել է Հանրապետության նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սարգսյանը:

Ինչպես հայտնում են «Հայաստան» համահայկական հիմնադրամից, նիստին մասնկացում էին հոգաբարձուների խորհրդի 23 անդամները, որից 4-ը՝ հեռավար:

Նիստի բացմանը մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին Արցախի և Հայաստանի սահմանների պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների հիշատակը:

«Նիստի առաջին հարցը վերաբերում էր Հայաստանի Հանրապետությանը նվիրաբերված դրամական միջոցների ուսումնասիրությանը, որի վերաբերյալ հնչեցին մի քանի զեկույցներ: Խորհուրդը մանրամասն քննարկեց զեկույցները և որոշում կայացրեց հանդես գալ հայտարարությամբ, որը կհրապարակվի մոտ ապագայում:

«Իրավիճակը և իրադարձություններն իրենց ազդեցությունն են թողել նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործունեության և աշխատանքների վրա՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում»,–ասել է նախագահ Արմեն Սարգսյանը և հավելել,-«ներկայումս ավելի է հասունացել Հիմնադրամի արդիականացման պահը: Պետք է որդեգրել նոր մտածողություն, լայնորեն կիրառել նոր տեխնոլոգիաներ, գտնել կազմակերպական նոր մոդելներ»:

Հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը ներկայացրեց 2020-21 թթ. Արցախի և Հայաստանի մի շարք համայնքների առողջապահական, սոցիալական, մշակութային, ինչպես նաև ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված լայնածավալ ծրագրերը: Համաձայն օրակարգի՝ հաստատվեցին 2020թ. համախմբված ֆինանսական և ծրագրային հաշվետվությունները, 2021 թվականի բյուջեն, ինչպես նաև քննարկվեցին Հիմնադրամի հետագա անելիքները:

Խորհուրդը որոշում կայացրեց երեք տարի ժամկետով հաստատել Հայկակ Արշամյանին գործադիր տնօրենի պաշտոնում։

«Հոգաբարձուների խորհրդի 30-րդ նիստն անցավ կառուցողական մթնոլորտում: Եղան բազմաթիվ հարցադրումներ, որոնց տրվեցին հստակ և սպառիչ պատասխաններ»,– նշեց Հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը նիստի ավարտից հետո:

Հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնեց հարյուր հազարավոր նվիրատուներին, որոնք իրենց անգնահատելի ներդրումն են ունեցել այս ծանր ժամանակահատվածում հայրենիքի զորացման գործում»- ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: