ուրբաթ, մայիս 24
24 / 5 / 2024
Հայ փրկարարները փլատակների տակից երեխայի են ողջ-առողջ դուրս բերել. Էստուկյան

Հայ փրկարարները փլատակների տակից երեխայի են ողջ-առողջ դուրս բերել. Էստուկյան

«Ես այսօր հաջողակ լուր մը լսեցի, որ անոնք հաջողած են երեխա մը փլատակներու տակեն ողջ-առողջ դուրս բերելու։ Սա փրկարար ջոկատներու համար շատ ուրախ երևույթ է։ Փոխանակ անընդհատ դիակներ դուրս բերելու, կենդանի մնացած մեկը ազատելը, կյանք փրկելը իրենց համար շատ ոգևորիչ գործոն մըն է», - «Ազատության» հետ հեռախոսազրույցում ասաց Ստամբուլում լույս տեսնող «Ագօս» («Ակոս») թերթի խմբագիր Բագրատ Էստուկյանը։

Նախնական տվյալներով, երկրաշարժը Թուրքիայում առնվազն 10 հայի կյանքի է խլել։ Այսօր Դիարբեքիրում փլատակներից մահացած են դուրս բերել հայազգի երգչուհի Զիլան Տիգրիսին ու նրա ամուսնուն, նրանց երեք օր է որոնում էին, «Ազատությանը» փոխանցեց Էստուկյանը. - «Ան երգչուհի ըլլալե բացի, նաև իրավաբան է, փաստաբան է։ Ազնիվ կին մըն է, ծանոթացած եմ իր հետ։ Դիարբեքիր կապրեր։ Որքան որ գիտեմ, ամուսնու հետ միասին փլատակների տակ մնացած էին»։

Խմբագրի փոխանցմամբ՝ առնվազն երկու հայ դեռ փլատակների տակ է. - «Ամուսիններ են՝ ծեր կին և ծեր տղամարդ։ Երևի թե տասի մոտ զոհեր ունինք։ Ութը հատը հստակ գիտեմ, բայց մնացյալները անունով ալ տակավին ինձի շատ ծանոթ չեն։ Զանազան քաղաքներու մեջ։ Անթաքիայի մեջ հայեր մահացան, Դիարբեքիրի մեջ, Ադիյամանի մեջ մեկ հայ մահացավ, Մալաթիո մեջ երեք հայեր մահացան»։

Էստուկյանը պատմեց, որ աղետից տուժածները դեռ գիշերում են իրենց քանդված բնակարանների մոտ, սպասում են, որ հարազատներին փլատակներից դուրս հանեն, հետո հասկանան ինչպես և որտեղ են շարունակելու կյանքը։ - «Փլատակներու մոտ կգիշերեն, մինչև հայտնաբերվին։ Թեկուզ մահացած էլ ըլլա, աճյունները ստանան»։

Անօթևանների թիվը, նրա խոսքով, դեռ ճշգրտվում է։

Սիրիայի հայ համայնքում երկրաշարժը երկու մարդու կյանք է խլել։ Հայաստանի կառավարությունը, փրկարարներից բացի, Հալեպ նաև 30 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել։ Դամասկոսի Հայոց թեմի առաջնորդ Տեր Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանը տեղում իրավիճակը «սարսափազդու» բառով է նկարագրում. - «Մեջերնին վախ կա ինչ-որ քարեղեն շենք մը մեջ մնալ։ Այդ իսկ պատճառով մեծ մասը դուրսը կանցնե, մեծ մասը իրենց մեքենաներու մեջ կանցնեն։ Եվ դպրոցական հանրակառքեր կան, դրանց մեջը կանցնեն, որովհետև նույնիսկ կացարաններու մեջ ջերմություն և հոսանք չունինք»։

Թեմի առաջնորդի խոսքով, երկրաշարժից տուժած Հալեպում և Լաթաքիայում հայկական եկեղեցում են հանգրվանել բոլոր անօթևաներն ու տուժածները։ Կամավորներն աշխատում են սնունդ, հագուստ և անհրաժեշտ պարագաներ հասցնել կարիքավորներին։

Թե որքան կբավարարի Հայաստանից ուղարկած օգնությունը, պարզ չէ։ Կարիքը մեծ է. - «Հիմա հիմնական օգնության ծիրը այն է, որ մարդկանց անմիջական սնունդի և բժշկական, կամ գիշերելու օժանդակություն պետք է մատակարարենք»։

Տեր Արմաշ եպիսկոպոսի խոսքով, մի առաջնահերթություն ունեն՝ արագ վերականգնել շինությունները, որ մարդիկ տուն վերադառնան. - «Մյուս կողմեն էլ արդեն ձեռնարկած ենք որոշ... հանգանակություններ հայտարարած ենք, որպեսզի ապագային նաև իրենց վնասված բնակարանները նորոգենք, և մարդիկ ապահով վերադառնան իրենց տները»։

Հալեպում լույս տեսնող «Գանձասար» պարբերականի խմբագիր Զարմիկ Պողիկյանն էլ պատմեց, որ երկրաշարժից կանգուն մնացած մի քանի շենք այսօր փլուզվել է։ Եվ որպեսզի նոր զոհեր չլինեն, որոշվել է շենքերը բնակեցնել ամրացնելուց հետո։ Սա է պատճառը, որ Զարմիկի ընտանիքն այս գիշերը ևս տանը չի անցկացրել, թեև նրանց տունը ստուգել էին ու եզրահանգել, որ փլուզման վտանգ չկա. - «Շենքի տասը սյուներե մեկ սյունը միայն ճեղքված էր։ Ըսին՝ շենքը չի փլուզվիր, ապահով է։ Բայց աս մեկ վնասվածությունը պետք է նորոգվի, որ, Աստված մի արասցե, եթե հետագային ուժեղ երկրաշարժի ցնցում ըլլա, կրկին չվնասվի, ավելի մեծ չըլլա վնասը»։

«Տալիս ընտանիքի դեպքում ապրում են ջրի ընկերության ինչ-որ տարածքում, որտեղ կա հոսանք, ջուր... ապաստան են տվել։ Մարդիկ վախենում են, որովհետև պարբերաբար լինում են նաև հետցնցումներ։ Երեկ փորձել են տուն հանդիպել, տուն մտնելուց անմիջապես հետո սկսել է փոքրիկ հետցնցում, ինչից նորից սարսափահար են եղել», - «Ազատության» հետ զրույցում ասաց սիրիական պատերազմի պատճառով տասնմեկ տարի առաջ Հայաստան գաղթած Նաիրա Եդիգարյանը։

Հալեպում են մնացել Նաիրայի սիրիահայ ամուսնու մայրը, քրոջ ընտանիքը։ Արդեն քանի օր է հարազատները տանը չեն գիշերում։ Ցնցումներից, որոնք դեռ չեն դադարել, վնասվել են տան ապակիները, պատերը. - «Իհարկե շատ մեծ կարիք կա դեղորայքի, հագուստների, ուտեստեղենի, ամեն ինչի։ Մարդիկ իրենց տանից ուղղակի ինչպես որ կային, մեկ հագուստով դուրս են եկել։ Օգնության կարիքը բնականաբար կա, բայց, ինձ թվում է, սոցիալականից ավելի փրկարարի կարիք կա, քանի որ փլատակներից տակից չեն հասցնում հանել»։

Առայժմ հայտնի չէ, թե որքան կաշխատեն հայ փրկարարները Թուրքիայում և Սիրիայում։ Հայաստանի կառավարությունն այսօր առաջին անհրաժեշտության ապրանքներով բեռնված մարդասիրական երկրորդ օդանավն է ուղարկել Հալեպ։

  • Կիսվել: