հինգշաբթի, դեկտեմբեր 1
1 / 12 / 2022
Հասանելի և մատչելի ուսումնական հաստատություններ. ներկայացվել է ՀՀ կրթության մինչև 2030 թ. զարգացման պետական ծրագիրը

Հասանելի և մատչելի ուսումնական հաստատություններ. ներկայացվել է ՀՀ կրթության մինչև 2030 թ. զարգացման պետական ծրագիրը

Հարափոփոխ աշխարհում գիտելիքն ու ստեղծարարությունը դարձել են մարդկային կապիտալի զարգացման, տնտեսական և մշակութային կայուն առաջընթացի գրավական: Այս համոզմունքն է ընկած ՀՀ կրթության՝ մինչև 2030 թ. զարգացման ծրագրի հիմքում՝ նշել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի սեպտեմբերի 26-ին հրավիրված հերթական նիստի ընթացքում՝ ներկայացնելով  ««ՀՀ կրթության մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին» օրենքի նախագիծը: Նախարարի խոսքով՝ ռազմավարությունը տևական ժամանակ եղել է քննարկման փուլում և պահանջված փաստաթուղթ է:

Նշվել է, որ նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Կրթության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 4-րդ կետի պահանջով, համաձայն որի՝ կրթության բանագավառում պետական քաղաքականության կազմակերպական հիմքը կրթության զարգացման պետական ծրագիրն է, որը Կառավարության ներկայացմամբ հաստատում է Ազգային ժողովը: Նա ասել է, որ կրթության ոլորտի զարգացման նախորդ պետական ծրագիրն ընդունվել է 2011 թ.՝ 2011-2015 թթ. համար:

Վահրամ Դումանյանն ընդգծել է, որ ծրագրի կենտրոնում մարդն է, իսկ նրա կարողությունների ընդլայնումը՝ մարդկային կապիտալը զարգացնելու և իրացնելու միջոց: Միաժամանակ, ծրագիրը հռչակում է ՀՀ կրթական ծառայությունների և արտադրանքի գլոբալ մրցունակության կարևորությունը՝ նպատակ դնելով ձևավորել կայուն օրակարգ կրթական համակարգի միջազգային ինտեգրման, հայկական կրթական ծառայությունների և արտադրանքի արտահանման հնարավորությունների ընդլայնման համար, ինչպես նաև կնպաստի մեծ թվով հայերի հայրենադարձությանն ու ինտեգրմանը՝ նաև Հայաստանում կրթություն ստանալու միջոցով:

Փաստաթղթի առավել նշանակալից հայեցակարգային դրույթներն են, մասնավորապես, հասանելի և մատչելի ուսումնական հաստատություններ, դպրոց ընդունվող բոլոր երեխաներն առնվազն մեկ տարի ընդգրկված կլինեն նախադպրոցական ծրագրերում, մսուրային ծառայություններ կգործեն բոլոր խոշորացված համայնքներում, բոլոր դպրոցները կունենան պատշաճ կահավորված և արդիական սարքավորումներով հագեցած, սանիտարահիգենիկ, անվտանգային ստանդարտներին բավարարող համընդհանուր մատչելի շենքեր, կապահովվի համացանցի որակյալ հասանելիություն, ժամանակակից հետազոտական ենթակառուցվածքների, մարզադահլիճների, ֆիզիկական և թվային, բնագիտության, տեխնոլոգիաների, ճարտարագիտության, մաթեմատիկայի և այլ լաբորատորիաների ու գրադարանների նորարարական ոճով կահավորված անհատական և թիմային աշխատանքային տարածքների առկայություն:

Հարակից զեկուցմամբ հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը նշել է, որ վերոնշյալ փաստաթուղթը հիմնական նախագծերից մեկն է եղել, որը պահանջել է նաև ընդդիմությունը: Նրա խոսքով՝ սրանք այն հիմնական ուղղություններն են, որոնցով մեր երկիրը շարժվելու է կրթության ոլորտում: «Նախագծով արձանագրվում է կրթական հիմնական քաղաքական ուղղությունը, որը մենք որդեգրել ենք և առաջ ենք մղում»,- ընդգծել է հանձնաժողովի նախագահը:

Օրենքի նախագիծը ստացել է դրական եզրակացություն:

Հանձնաժողովը հեղինակի առաջարկով մինչև երկու ամիս ժամկետով հետաձգել է ԱԺ պատգամավոր Գևորգ Պապոյանի հեղինակած ««Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթի քննարկումը:

  • Կիսվել: