չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Հարսանիքն ավարտվել է ծեծկռտուքով և կրակոցներով․ վրաերթի են ենթարկվել խնջույքին մասնակից տատ ու թոռ

Հարսանիքն ավարտվել է ծեծկռտուքով և կրակոցներով․ վրաերթի են ենթարկվել խնջույքին մասնակից տատ ու թոռ

Փետրվարի 23-ին կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 23։15-ի սահմանում ՀՀ ՆԳՆ Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն մի քանի քաղաքացիներից, րոպեների տարբերությամբ, ահազանգ է ստացվել, որ Կիևյան փողոցում գործող «ՍԱՍ» սուպերմարկետի մոտ հնչել են կրակոցներ և սպիտակ գույնի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել 2 քաղաքացու, գրում է shamshyan.com-ը։

Մինչ Ոստիկաններն ու քննիչներն աշխատում էին դեպքի վայրում, «Արմենիա» բժշկական կենտրոնից Ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ են տեղափոխվել 2 քաղաքացի, հայտնել են, որ վնասվածքները ստացել են վրաերթի ենթարկվելուց հետո։ 

Պարզվել է, որ վիրավորները Երևանի բնակիչներ, 25-ամյա Քրիստինա Ս․-ն է և 90-ամյա Ծովինար Շ․-ն։ 

Մինչ բժիշկները անհրաժեշտ բուժօգնությունն էին ցուցաբերում վիրավորներին, ոստիկանները տաք հետքերով, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ նշված անձինք հիվանդանոց են տեղափոխվել Կիևյան 1 հասցեում գործող «ՍԱՍ» սուպերմարկետի մոտից։ 

Պարզվել է, որ Կիևյան 1 հասցեում գործող «Լա Վիստա» ռեստորանային համալիրում տեղի ունեցած հարսանեկան արարողության մասնակիցները՝ Երևանի բնակիչներ 27-ամյա Կարեն Մինասյանը, 37-ամյա Դավիթ Բուռնազյանը, 38-ամյա Նարեկ Դաբաղյանը անձնական հարցերի շուրջ վիճաբանել են նույն հարսանեկան արարողության մասնակիցներից Երևանի բնակիչ, 29-ամյա Անդրանիկ Ասատրյանի, Արարատի մարզի բնակիչ 20-ամյա Էդգար Ասատրյանի և Գեղարքունիքի մարզի բնակիչ 25-ամյա Հակոբ Մանուկյանի հետ։ Վիճաբանությունն այնուհետև վերածվել է ծեծկռտուքի, որի ժամանակ փոխադարձ հնչեցրել են հայհոյանքներ, այդ կերպ կոպտորեն խախտելով հասարակական կարգը։ 

Վիճաբանության ընթացքում Կ․ Մինասյանն իր մոտ պահվող գազային ատրճանակից կրակոցներ է արձակել, ապա նստել իր կողմից շահագործվող Opel մակինշի ավտոմեքենան և սկսել անկանոն վարել, այդ ընթացքում, վրաերթի ենթարկելով Քրիստինա Ս․-ին և Ծովինար Շ․-ին, հեռացել է։ Հասնելով Կոմիտասի պողոտա 16 հասցե՝ այնտեղ ևս կրակոց է արձակել ու վերադարձել Կիևյան փողոց 1 հասցե։ 

Դեպքի վայրում պարեկները հայտնաբերել են վթարված Mercedes մակնիշի ավտոմեքենա, որին բախվել էր Կ․ Մինասյանն իր Opel մակնիշի ավտոմեքենայով։ 

Կիևյան 1 հասցեի դեպքի վայրում հայտնաբերվել է 1 հատ պարկուճ, Opel և Mercedes մակնիշի ավտոմեքենաներ, ինչպես նաև կոտրված ծաղկամաններ։

Opel-ի դիմապակու վրա էլ հայտնաբերվել է հող, որը ծաղկամանների միջից է լցվել մեքենայի վրա, երբ մարդիկ բարկացած ծաղկամաններ են նետել Opel-ի ուղղությամբ։

Վրաերթի ենթարկվածները հարսնաեկան արարողության մասնակիցներից են եղել։ 

  • Կիսվել: