շաբաթ, հուլիս 4
4 / 7 / 2026
Հարազատների արտաշիրիմում պահանջող արցախցիներին բարկացրել է ԱԳՆ պատասխանը

Հարազատների արտաշիրիմում պահանջող արցախցիներին բարկացրել է ԱԳՆ պատասխանը

Պատերազմի վերջին օրերին զոհված հարազատներին առաջին պատահած տեղում հուղարկավորված արցախցիները Հայաստան տեղափոխվելուց հետո դիմել են կառավարություն, Նիկոլ Փաշինյանին՝ խնդրելով արտաշիրիմում անել։

«Այստեղ այն մարդիկ են, ովքեր մինչև վերջ մնացին Արցախում, նրանց զավակները, ամուսիները, հայրերը մինչև վերջ կռիվ տվեցին ադրբեջանական ասկյարի դեմ, զոհվեցին։ Բոլորս հիշում ենք այն կադրերը, որ մարդիկ հողը փորում են, հարազատին հուղարկավորում։ Նրանք դուրս եկան Արցախից՝ հույսով, որ շուտով կվերադառնան»,-լրագրողների հետ զրույցում ասաց Համահայակայն շարժման ճակաի ղեկավար Ռուզաննա Ստեփանյանը։

Քանի որ Արցախ վերադարձը ձգձգվում է, ավելին Փաշինյանը հայտարարել է, որ մարդիկ պետք է մոռանան Արցախ վերադարձի մասին, իսկ այդ ընթացքւոմ ադրբեջանական հարթակներում տարածվում են տեսանյութեր, թե ինչպես են պղծվում հայերի շիրիմները։

«Մարդիկ ցանկանում են հարազատների մասունքները տեղափոխել, որպեսզի կարողանան խնկարկելու հնարավարություն ունենան։ Որևէ պատասխան չի եղել»,-ասաց Ստեփանյանը։

Զոհվածներից մեկի հարազատը՝ տիկին Բելլան խնդրով նամակ է գրել ԱԳ նախարարի պաշտոնը զբաղեցնող Արարատ Միրզոյանին։ Նախարարության հասարակայնության հետ կապերի վարչւթյունից պատասխանել են՝ մենք միշտ բարձրաձայնում ենք։

«Դե կներեք էլի, պապս էլ է բարձրաձայնում, է հետո՞։ Որոնողական աշխատանքներ պետք չեն, մարդիկ տեղը գիտեն, ինչո՞ւ չեք բերում։ Հումանիտար խնդիրները եթե չեն կարողանում լուծել, ուրեմն իշխանությունը բանի պիտանի չէ, պետք է հեռանա։ Էս մարդիկ մաշվում են»,-բարկացած արձագանքում է Ստեփանյանը։

Այսօր նրանք նամակ են հանձնելու կառավարություն՝ Նիկոլ Փաշինյանին առաջարկելով հրատապ՝ 2-3 օրվա ընթացքում հանդիպել հարազատների մարմիններն Արցախում թողած մարդկանց։

  • Կիսվել: