երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Հանրային քննարկման է ներկայացվել «Զբաղվածության խթանման միջոցառումը հաստատելու մասին» նախագիծը

Հանրային քննարկման է ներկայացվել «Զբաղվածության խթանման միջոցառումը հաստատելու մասին» նախագիծը

Գործազուրկ և հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության ապահովման հնարավորությունների ընդլայնման նպատակով Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից մշակվել և e-draft իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման է ներկայացվել «Զբաղվածության խթանման միջոցառումը հաստատելու մասին» նախագիծը։
 
Ըստ այդմ, առաջարկվում է գործազուրկ անձանց աշխատանքի ընդունման դեպքում գործատուներին աջակցություն տրամադրել՝ աշխատողի աշխատավարձից հաշվարկված և վճարված եկամտային հարկի մասնակի վերադարձի տեսքով՝
 
հաշմանդամության 1-ին կամ 2-րդ խումբ ունեցող կամ ֆունկցիոնալության խորը կամ ծանր աստիճանի սահմանափակում ունեցող 18-63 տարեկան անձանց աշխատանքի ընդունելու դեպքում՝ 90 % եկամտահարկի վերադարձ (եռամսյա կտրվածքով)՝ 12 ամիս ժամկետով։ Նախատեսվում է նաև լրացուցիչ աջակցություն՝ առավելագույնը 500,000 դրամի չափով՝ խելամիտ հարմարեցումների համար և ամսական 100.000 դրամի չափով աջակցություն՝ տրանսպորտային ծառայություններից օգտվելու համար (12 ամիս ժամկետով).
 
18-29 տարեկան գործազուրկներին աշխատանքի ընդունելու դեպքում՝ 50 % եկամտահարկի վերադարձ (եռամսյա կտրվածքով), բայց ոչ ավելի, քան 100,000 դրամ՝ 3 ամիս ժամկետով։ Նպաստառու լինելու դեպքում՝ աջակցության տրամադրման տևողությունը նախատեսվում է ավելացնել 3 ամսով.
 
30-45 տարեկան գործազուրկներին աշխատանքի ընդունելու դեպքում՝ 30 % եկամտահարկի վերադարձ (եռամսյա կտրվածքով), բայց ոչ ավելի, քան 100.000 դրամ՝ 6 ամիս ժամկետով։ Կանանց և նպաստառուների դեպքում աջակցության տրամադրման տևողությունը նախատեսվում է ավելացնել 3 ամսով.
 
46-63 տարեկան գործազուրկներին աշխատանքի ընդունելու դեպքում՝ 50 % եկամտահարկի վերադարձ (եռամսյա կտրվածքով), բայց ոչ ավելի, քան 150.000 դրամ՝ 9 ամիս ժամկետով։ Նպաստառու լինելու դեպքում՝ աջակցության տրամադրման տևողությունը նախատեսվում է ավելացնել 3 ամսով։
Աջակցությունը նախատեսվում է տրամադրել այն գործատուներին, որոնք հանրային ծառայություն իրականացնող պետական կառավարման համակարգի մարմին կամ ոչ առևտրային կազմակերպություն չեն, վերջին երեք ամսվա ընթացքում անընդհատ ունեցել են առնվազն 10 վարձու աշխատող և ծրագրի շրջանակում աշխատանքային պայմանագիր են կնքել այն գործազուրկի հետ, որը, մինչև տվյալ միջոցառման շրջանակում աշխատանքի ընդունվելը, վերջին երեք ամսվա ընթացքում հարկ վճարող աշխատող չի եղել և վերջին 6 ամսվա ընթացքում տվյալ գործատուի հետ աշխատանքային հարաբերությունների մեջ չի գտնվել։

  • Կիսվել: