չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Հանրային հեռարձակողի խորհրդի հայտարարությունը՝ ՀՌՀ-ի անցկացրած լիցենզավորման մրցույթի վերաբերյալ

Հանրային հեռարձակողի խորհրդի հայտարարությունը՝ ՀՌՀ-ի անցկացրած լիցենզավորման մրցույթի վերաբերյալ

Հանրային հեռարձակողի խորհուրդը հայտարարություն է տարածել «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության կայքում հրապարակման վերաբերյալ: Խոսքը Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի` այս տարվա հունիսին անցկացրած լիցենզավորման մրցույթի մասին է: 

«Հանրային հեռարձակողի խորհուրդն իր մտահոգությունն է հայտնում «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության կայքում հրապարակած բացահայտման վերաբերյալ, որից հայտնի է դառնում, որ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի այս տարվա հունիսին անցկացրած լիցենզավորման մրցույթում, որին մասնակցում էր նաև Հանրային հեռուստաընկերության վերջերս գործարկված Լրատվական ալիքը, հանձնաժողովի երկու անդամ մրցութային փաթեթները գնահատելիս դրսևորել են ակնհայտ կողմնակալություն և ոչ պատշաճ մասնագիտական վերաբերմունք:

Լրատվական ալիքը մրցույթում միայն չնչին առավելությամբ հաղթող ճանաչվեց: Այսինքն՝ լրագրողական հետաքննությամբ բացահայտված փաստերը հիմք են տալիս ենթադրելու, որ տեղի է ունեցել  կեղծարարության փորձ, ինչը վարկաբեկում է ժողովրդավարական գործիքները և կասկածի տակ է դնում հետագայում մրցույթների արդյունքների արժանահավատությունը:

Հույս ենք հայտնում, որ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը քննարկման առարկա կդարձնի «Իրազեկ քաղաքացիների միավորման» հոդվածում նշված փաստերը»,- գրված է Հանրային հեռարձակողի խորհրդի հայտարարության մեջ: 

  • Կիսվել: