կիրակի, մայիս 25
25 / 5 / 2025
Հանրապետության ճանապարհներին վերջին երեք օրերին արգելափակվել է 500-ից ավելի տրանսպորտային միջոց

Հանրապետության ճանապարհներին վերջին երեք օրերին արգելափակվել է 500-ից ավելի տրանսպորտային միջոց

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը վերջին երեք օրերին բազմաթիվ զանգեր է ստացել առատ տեղումների հետևանքով ճանապարհներին ավտոմեքենաների արգելափակման վերաբերյալ։ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ Արսեն Մկրտչյանը տեղեկացրեց, որ չնայած բոլոր մարզերում մեծաքանակ ձյուն է տեղացել, սակայն արգելափակման դեպքերն ամենաշատը գրանցվել են Սյունիքում, Վայոց ձորում, Արագածոտնի մարզում։

«Մարտի 18-21-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում գրանցվել է ավտոմեքենաների արգելափակման 136 դեպքի վերաբերյալ ահազանգ։ Անվտանգ տարածք է տեղափոխվել մոտ 520 տրանսպորտային միջոց և 1309 քաղաքացի։ Առավելագույն ցուցանիշը գրանցվել է Սյունիքում, 203 տրանսպորտային միջոց արգելափակվել է, 551 քաղաքացի տեղափոխվել է անվտանգ տարածք»,-ասաց Արսեն Մկրտչյանը։

Դեպքերից մեկի համաձայն՝ շտապօգնության ավտոմեքենան չի կարողացել մոտենալ Թալինի տարածաշրջանի Գառնահովիտ գյուղ։ Փրկարարների օգնությամբ շտապօգնության ծառայության աշխատակիցները հասել են գյուղ։ Այնտեղ վատառողջ էր եղել մեկ տարեկան երեխա և փրկարարների օգնությամբ նա տեղափոխվել է Թալինի բժշկական կենտրոն։

Փրկարարներն աջակցություն են ցուցաբերել նաև Իրանի քաղաքացիներին։ Ավտոճանապարհներին արգելափակվել են իրանցիներին տեղափոխող ավտոբուսներ։ Ուղևորներին փրկարարները տեղափոխել են մոտակա բնակավայր։ Արգելափակվել են նաև բեռնատար ավտոմեքենաների վարորդներ՝ եկած Իրանից։ Նրանց նույնպես փրկարարները տեղափոխել են մոտակա բնակավայր։

Փրկարարներն այս օրերին աշխատել են շուրջօրյա։ Առավել վտանգավոր վայրերում ստեղծվել են հենակետեր քաղաքացիներին արագ աջակցելու համար։ Արսեն Մկրտչյանը նշեց, որ ռեսուրսների խնդիր չունեն, անհրաժեշտության դեպքում ներգրավում են հերթափոխից ազատ անձնակազմին։

Վերջին օրերին, բացի ավտոմեքենաների արգելափակումից, առատ տեղումների հետևանքով եղել են նաև փլուզման դեպքեր։ Մասնավորապես, Դիլիջանում անասնագոմի տանիք է փլուզվել, մյուս դեպքն էլ գրանցվել է Ստեփանավանի տարածաշրջանում՝ Գարգար գյուղում, ձյան առատ շերտի ծանրությունից սեփական տան տանիքը վնասվել է, փլուզման վտանգ է եղել։ Տեղում աշխատում են փրկարարները։

«Այս տարին աննախադեպ էր այն առումով, որ բավական ինտենսիվ էին տեղումները և տևական ժամանակ չէին դադարում։ Եղել են տեղումներ, որ մեկ օր է տևել, բայց ոչ այսպես։ Վերջին տասը տարում ես նման իրավիճակ, ամեն դեպքում, չեմ հիշում»,-ասաց Արսեն Մկրտչյանը։

ԱԻՆ-ը հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով,  երթևեկել միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում։ Արսեն Մկրտչյանը նշեց, որ լինում են դեպքեր, երբ ոստիկաններն անանցանելի, վտանգավոր հատվածներում ճանապարհները փակում, սակայն որոշ քաղաքացիներ շրջանցիկ ավտոճանապարհներով անցնում են ու հայտնվում են արգելափակման մեջ։

  • Կիսվել: