ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Հանրապետության հրապարակում բողոքի ակցիա է․ պահանջում են գաղտնազերծել փաստաթուղթը, որը դրված է Փաշինյանի սեղանին

Հանրապետության հրապարակում բողոքի ակցիա է․ պահանջում են գաղտնազերծել փաստաթուղթը, որը դրված է Փաշինյանի սեղանին

Հանրապետության հրապարակում մեկնարկել է «Զարթոնք» և 5165 կուսակցությունների նախաձեռնած բողոքի ակցիան՝ ՀՀ և Ադրբեջանի միջև ստորագրվելիք փաստաթղթի բովանդակությունը ժողովրդին գաղտնազերծելու պահանջով։ Ակցիայի մասնակիցները դիմում են ներկայացնելու կառավարություն, ապա քայլերթով շարժվելու են դեպի նախագահական նստավայր և ԱԺ, վերադառնալու են Հանրապետության հրապարակ համահավաքի։

«Մեր ակցիան խաղաղ բնույթ ունի, և մեզ համար զարմանալի է՝ ինչու են այստեղ այսքան ոստիկաններ հավաքվել։ Այս ակցիան վերկուսակցական է։ Ակցիայի նպատակն է՝ պահանջել Նիկոլ Փաշինյանից հրապարակել, ժողովրդին հասանելի դարձնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանագծմանն ու սահմանազատմանը վերաբերող այն փաստաթուղթը, որն, իր ասելով, դրված է իր սեղանին և որը, կրկին իր ասելով, ինքը պատրաստ է ստորագրել», - հայտարարեցին ակցիայի նախաձեռնողները։

Նրանք ընթերցեցին նաև կառավարությանը հասցեագրված դիմումը․

«Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ իր սեղանին դրված է ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանագծմանն ու սահմանազատման վերաբերյալ փաստաթուղթ, որի բովանդակությունը գաղտնի է պահվում։ Փաստաթղթի վերաբերյալ ունենք հիմնավոր կասկածներ, որ ՀՀ-ից թշնամուն են զիջվելու կենսական տարածքներ, ռազմավարական կարևոր բարձունքներ, իսկ Արցախը ճանաչվելու է Ադրբեջանի մաս։

Մեր մտահոգությունները սույն խնդրի վերաբերյալ ավելանում են, քանի որ նշված փաստաթղթի բովանդակության բացահայտման ուղղված թե՛ խորհրդարանական, թե՛ արտախորհրդարանական նախաձեռնությունները տապալվում են։

Համաձայն ՀՀ սահմանադրության, ՀՀ տարածքի փոփոխությանը վերաբերող հարցերը լուծվում են բացառապես հանրաքվեի միջոցով։

Համաձայն ՀՀ ԳԽ 1992 թ․ հուլիսի 8-ի որոշման, ՀՀ համար անընդունելի է միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ ԼՂ նշված կլինի Ադրբեջանի կազմում։

Ելնելով նշվածից՝ պահանջում ենք կառավարությունից ներկայացնել Նիկոլ Փաշինյանի նշած փաստաթղթի բովանդակությունը»։

Դիմումը սահմանված կարգով փոխանցվելու է հասցեատիրոջը։

  • Կիսվել: