չորեքշաբթի, օգոստոս 17
17 / 8 / 2022
Հանրահավաքների ժամանակ ոստիկանների կողմից գրեթե իդեալականին մոտ ծառայություն է իրականացվել. Ֆիդանյան

Հանրահավաքների ժամանակ ոստիկանների կողմից գրեթե իդեալականին մոտ ծառայություն է իրականացվել. Ֆիդանյան

Ըստ էության մեկնաբանությունները սին են և հիմնազուրկ: Պարգևատրվածներից Ոստիկանության համար կարևորագույնը թերևս Ոստիկանության պետի առաջին տեղակալ պարոն Հովհաննիսյանի պարգևատրումն էր, նշեմ, որ լիովին արժանի պարգևատրում էր: Այս մասին լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ոստիկաններին պարգևատրելուն և հանրահավաքների ժամանակ բռնի ուժ կիրառելուն՝ ասաց Ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը:

«Պարոն Հովհաննիսյանը ոտիկանության համակարգում երկար տարիների փորձ ունի, ամբողջովին իր ուժերը ներդրել է թե՛ հասարակական կարգի պահպանության, և թե՛ հանցավորության դեմ պայքարում և միանշանակ արժանի էր տվյալ պարգևատրմանը: Ինչ վերաբերում է ակցիաների ընթացքում մարդկանց ծեծի ենթարկելուն, ապա դրանք որևէ կերպ չեն կարող համապատասխանել իրականությանը, որովհետև այս ընթացքում գրեթե ողջ Ոստիկանությունը մասնակցում էր հանրահավաքների ընթացքում ծառայության իրականացմանը։ Սակայն բացի այս հանրահավաքների ընթացքում ծառայությունից, Ոստիկանության ծառայողներն իրականացնում են նաև այլ գործառույթներ և յուրաքանչյուրն արժանանում է համապատասխան գնահատանքի իր իսկ կողմից կատարված ծառայության համար»,- նշեց Ֆիդանյանը։

Խոսելով այդ օրերին կատարվածի վերաբերյալ բացահայտումների մասին, Ֆիդանյանն ասաց. «83-84 ծառայողական քննություն էր նախաձեռնվել Ոստիկանության կողմից, դրանցից կեսից ավելին այս պահին կասեցվել է, որովհետև հարուցվել են քրեական գործեր, դրանց ավարտից հետո նոր մենք կունենանք համապատասխան արդյունքներ: 40-ից ավել քրեական գործ կա հարուցված»:

Լրագրողի այն հարցին, թե արդյո՞ք Ֆիդանյանն համաձայն է, որ հանրահավաքների ժամանակ ոստիկանների գործողությունները մեղմ են եղել՝ Ոստիկանության պետի տեղակալն ասաց, որ Ոստիկանության գործողությունները եղել են համաչափ. «Իրականում եղել են դեպքեր, երբ որոշակի խնդիրներ առաջացել են, իդեալական ծառայություն նման մաստշաբների հնարավոր չէր իրականացնել, բայց հանրահավաքների ժամանակ ոստիկանների կողմից գրեթե իդեալականին մոտ ծառայություն է իրականացվել»:

  • Կիսվել: