ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Հանքարդյունաբերության ռազմավարությունը մինչև 2035 թվականն աշխատանքներ իրականացնելու համար պատրաստի փաստաթուղթ է․ ՏԿԵ փոխնախարար

Հանքարդյունաբերության ռազմավարությունը մինչև 2035 թվականն աշխատանքներ իրականացնելու համար պատրաստի փաստաթուղթ է․ ՏԿԵ փոխնախարար

Դրվատելի է այն փաստը, որ մասնագիտական հանրության կողմից դրական է գնահատվում Կառավարության կողմից ընդունված հանքարդյունաբերության ռազմավարությունը, որի մշակման հետ կապված բոլոր քննարկումները եղել են բաց։ Կառավարությունը հետագայում նույնպես պատրաստակամ է ռազմավարության իրականացման ընթացքում լսել նոր դիտարկումներն ու ընդունել դիտողությունները։

«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ «Հանքարդյունաբերության զարգացման ռազմավարությունը՝ պատասխանատու հանքարդյունաբերության տեսանկյունից» խորագրով քննարկման ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՀ տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների փոխնախարար Հովհաննես Հարությունյանը։

Անդրադառնալով այն հարցին, թե փաստաթուղթը կտա՞ հնարավորություն հանքարդյունաբերության ոլորտը ևս մեկ անգամ ավելի կարևորելու՝ ընդգծելով նրա տեղն ու դիրքը երկրի տնտեսության զարգացման մեջ, փոխնախարարն ընդգծեց, որ այդ փաստարկն ընկած է եղել հենց փաստաթղթի մշակման հիմքում։ Նրա բնորոշմամբ՝ հանքարդյունաբերության ռազմավարությունը մինչև 2035 թվականն ընդհանրական աշխատանքներ իրականացնելու համար պատրաստի փաստաթուղթ է։

«Բոլոր ուսումնասիրությունները ցույց էին տալիս, որ ոլորտից ստացվող օգուտների գնահատումն ու սպասելիքները, առանց կոնկրետ ռազմավարության առկայության, ամբողջական պատկերը չէին արտացոլում, հետևաբար, խնդիր դրվեց սեղմ ժամկետում ունենալ ոլորտը կարգավորող հիմնարար փաստաթուղթ։ Հաշվի առնելով, որ հանքարդյունաբերության ոլորտը չուներ ռազմավարություն և անհրաժեշտ էր ինչ-որ կետից սկսել՝ Կառավարությունը որոշեց, որ ընդունվելիք առաջին փաստաթուղթը պետք է լինի ընդհանրական՝ ամբողջացնելով բոլոր քայլերը ոչ միայն Կառավարության, այլև ոլորտի ներկայացուցիչների համար»,- ասաց Հարությունյանը։

Նրա փոխանցմամբ՝ կառավարությունը նախանշել է ժամանակահատված, որում պատրաստվում է որոշումներ կայացնել՝ կապված նոր ստանդարտների հետ, որպեսզի դրանք սահուն կերպով ներդրվեն հանքարդյունաբերության մեջ և հնարավորություն ընձեռեն արդյունավետորեն լուծել բնապահպանական, առողջապահական, սոցիալական, ինչպես նաև ընդերքի ռացիոնալ շահագործման խնդիրները։

«Կարևոր է, որ մենք ապրենք այնպիսի միջավայրում և մեր ժառանգներին թողնենք այնպիսի պետություն, որտեղ ցանկացած ռազմավարության ստանդարտները կլինեն հստակ ու կանխատեսելի։ Բարձր վարկանիշ ունեցող բազմաթիվ ֆինանսական կազմակերպություններ իրենց ներդրումներն իրականացնելու համար այնպիսի տարածաշրջաններ են փնտրում, որտեղ կան հստակ ստանդարտներ։ ՀՀ-ում այսօր կան մեծ նախագծեր, որոնց ֆինանսավորումը գալիս է միջազգային ֆոնդերից և դրանցում առաջնային են պետության կողմից ստանդարտների ընդունումն ու հետևողական կիրառումը։ Ներդրումային միջավայրը հետայսու ևս պետք է երաշխավորվի միջազգային ստանդարտներով»,- նշեց ՏԿԵ փոխնախարարը։

Հանքարդյունաբերությունն այն ոլորտներից է, որտեղ եթե ոչ ուղղակի, ապա միջնորդավորված կերպով պետությունը կարող է հաղորդակից լինել հաջողություններին։ Այս պահին գործում է Կառավարության աջակցության ծրագիր, որով կազմակերպությունները կարող են լիովին նոր տեխնիկա, արտադրական հաստոցներ ներմուծել կամ դրանք գնել գրեթե զրո տոկոս լիզինգով։ Ընդ որում՝ բանկերի կողմից սահմանված տոկոսագումարը կառավարությունը վերցնում է իր վրա, ինչը նաև հանքարդյունաբերության ոլորտին նոր շունչ հաղորդելու արդյունավետ քայլ է։ Հանքարդյունաբերության արտադրողականության բարձրացումից շահելու են բոլոր տնտեսվարողները, ովքեր կթարմացնեն և՛ իրենց տեխնիկական պարկը, և՛ դրա շնորհիվ կկառավարեն բնապահպանական ռիսկերը։

Անդրադառնալով սահմանամերձ Սոթքի հանքի հետագա ճակատագրին, որի աշխատանքներն, ինչպես հայտնի է, դադարեցվել են ադրբեջանական կողմի պարբերական դարձած կրակոցներից, փոխնախարարը տեղեկացրեց, որ հանքն այսուհետ աշխատելու է ստորգետնյա շահագործման եղանակով։ Մասնագետները կողմ են փակ շահագործման տարբերակին, որովհետև այն ավելի անվտանգ է։ Հանքի բաց հատվածի գործունեության դադարեցումից հետո մարդիկ ստիպված են նոր աշխատանք փնտրել, հետևաբար, Կառավարությունը փորձելու է նրանց օգնել այդ հարցում։

  • Կիսվել: