երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Հանձնաժողովի որևէ անդամ ձայնազուրկ չէ և իրավունք ունի արտահայտել իր կարծիքը. ՀՌՀ նախագահ

Հանձնաժողովի որևէ անդամ ձայնազուրկ չէ և իրավունք ունի արտահայտել իր կարծիքը. ՀՌՀ նախագահ

Ազգային ժողովն այսօրվա նիստում քննարկեց Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2024 թվականի գործունեության ու տեսալսողական մեդիայի ոլորտում տեղեկատվության ազատության վիճակի մասին տարեկան հաղորդումը:

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը եզրափակիչ ելույթում անդրադարձավ պատգամավորների հարցադրումներում ու ելույթներում առկա որոշ խնդիրների:

Ինչ վերաբերում է ընդդիմադիր պատգամավոր Լիլիթ Գալստյանի ելույթին, որում խոսք էր գնում քաղաքական զսպվածության մասին, Հակոբյանը խնդրեց բոլորին քաղաքական զսպվածությունը չշփոթել ձայնազուրկ լինելու պահանջի հետ:

«Հանձնաժողովի որևէ անդամ ձայնազուրկ չէ և իրավունք ունի արտահայտել իր կարծիքը: Հակոբ Մովսեսը այն անձը չէ, որին ես պետք է պաշտպանեմ, սական պետք է հիշեցնեմ տիկին Գալստյանին, որ Հակոբ Մովսեսը մեծ պոետ է, փիլիսոփա, թարգմանիչ, որը բնագրից թարգմանել է Ռիլկե, Նիցշե, Թոմաս Ման և Կարեն Սվասյան: Եվ իր բոլոր ելույթները, որոնք հասանելի են, մեջը որևէ քաղաքական անզսպվածության տարր չկա:

Նույնը՝ իմ մասով: Ես իմ ելույթների յուրաքանչյուր տառի տակ ստորագրում եմ և կարող եմ դրանք կրկնել: 

Երբ տիկին Գալստյանն ասում է, որ ես անհարգալից եմ վերաբերվում Եկեղեցուն և եկեղեցական առաջնորդներին, նա սուտ է ասում: Այն, ինչ ասել եմ Սրբազան առաջնորդի հասցեին, շատ մեղմ եմ ասել՝ քաղաքական զսպվածությունը պահպանելով»,- հայտարարեց Հակոբյանը՝ կոչ անելով երկակի ստանդարտներով չառաջնորդվել:

Ինչ վերաբերում է համացանցում գեներացվող ատելությանը, նկատեց՝ բոլորը դա փաստում են, սակայն որևէ բան չեն անում դա կարգավորելու համար:

«Ինֆորմացիան ազատ ծորում է ամեն տեղ: Վախենալ է պետք ոչ թե ընդդիմադիր մամուլից, այլ այն թշնամանքից ու ապատեղեկատվությունից, որոնք այդ կայքերը, տեղեկատվական հարթակները փոխանցում են, Եվ ես նորից կոչ եմ անում լուրջ զբաղվել և սահմանափակել այդ, այլ բառ չեմ գտնում, խայտառակությունը»,- ասաց ՀՌՀ նախագահը:

  • Կիսվել: