ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Համաշխարհային փոստային միության 2022թ. փոստային զարգացման զեկույցով Հայաստանն առաջընթաց է գրանցել

Համաշխարհային փոստային միության 2022թ. փոստային զարգացման զեկույցով Հայաստանն առաջընթաց է գրանցել

Հոկտեմբերի 7-ին Համաշխարհային փոստային միության կենտրոնակայանում՝ Շվեյցարիայի մայրաքաղաք Բեռնում, տեղի է ունեցել 2022թ. Փոստի համաշխարհային օրվան նվիրված արարողությունը, որի ընթացքում հայտարարվել է Համաշխարհային փոստային միության անդամ 172 երկրների նոր վարկանիշները: Այս մասին տեղեկացնում են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից:

Համաշխարհային փոստային միության 2022թ. փոստային զարգացման զեկույցի համաձայն՝ 2021թ. փոստային զարգացման ցուցանիշով Հայաստանը 80-րդ տեղից բարձրացել է 48-րդ հորիզոնական: Փոստային զարգացվածության վարկանիշը հաշվարկվել է ըստ 4 ցուցանիշի՝ հասանելիություն, հուսալիություն, համապատասխանություն և ճկունություն: Ըստ Համաշխարհային փոստային միության տվյալների՝ բոլոր չորս ցուցանիշներով Հայաստանը մեկ տարում կտրուկ առաջընթաց է գրանցել:

Համաշխարհային փոստային միությունը 2022թ. Փոստի համաշխարհային օրվա արարողության ընթացքում Հայաստանին շնորհել է «Ծագող աստղ փոստի զարգացման գործում» (“Rising Star in Postal Development”) մրցանակը:

ՀՓՄ վարկանիշում Հայաստանն ավելի բարձր հորիզոնական է զբաղեցնում տարածաշրջանում, քան Ադրբեջանը (62-րդ տեղ) և Վրաստանը (58-րդ տեղ):

1992թ. Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է Համաշխարհային փոստային միության անդամ: Հայաստանի փոստային կապի ազգային օպերատոր ՀայՓոստ ՓԲԸ-ն ՀՀ-ում ունի շուրջ 850 փոստային բաժանմունք, մատուցում է փոստային, փոստային – ֆինանսական և այլ ծառայություններ:

  • Կիսվել: