երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Համահայկական խաղերը պետք է լինեն լավագույն ցուցիչը, որոնք ցույց կտան մեր միակամությունը. ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար

Համահայկական խաղերը պետք է լինեն լավագույն ցուցիչը, որոնք ցույց կտան մեր միակամությունը. ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար, Համահայկական ամառային ութերորդ խաղերի կազմակերպման և անցկացման կազմկոմիտեի նախագահ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 4-ին մասնակցել է «Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտե» ՀԿ գործադիր կոմիտեի նիստին:

Ինչպես ասվում է Վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունում, նիստին մասնակցել են նաև Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը, գործկոմի անդամներ Հայաստանից, Արցախից և Սփյուռքից:

Հանդիպմանը քննարկվել են համահայկական ամառային ութերորդ խաղերի անցկացման և կազմակերպչական աշխատանքների հետ կապված հարցեր:

 «Գիտեք, որ 2019 թվականին Կառավարությունն առավելագույնս աջակցել է համահայկական խաղերի կազմակերպմանը և հիմա էլ կրկնակի եռանդով պատրաստ է դա իրականացնել: Մեր նպատակն է, որ համահայկական ամեն հաջորդ խաղերը լինեն ավելի լավը, ավելի որակով և ավելի կազմակերպված: Այդ պատճառով կառավարության անդամները և Վարչապետի աշխատակազմը սերտ համագործակցությամբ ամեն ինչ կանեն բոլոր խնդիրները հարթելու, լուծելու, մեր գործընկերների հետ շփվելու, առաջ գնալու համար»,- իր ողջույնի խոսքում նշել է Արայիկ Հարությունյանը:  

Վարչապետի աշխատակազմի ղեկավարը նաև խոսել է մարզական ենթակառուցվածքների արդիականացման ուղղությամբ կատարված աշխատանքների մասին և ընդգծել.

«Մենք հաջորդ խաղերին շատ ավելի լավ մարզադաշտեր, մարզադահլիճներ կունենանք: Գիտեք, որ կառավարությունը բավականին մեծ ներդրում է կատարել մարզական ենթակառուցվածքներում: Մարզահամերգային համալիրն այս պահին մի քանի դահլիճներով և ենթակառուցվածքներով արդեն կարող է բազմաթիվ մրցումներ ընդունել և հաջորդ ամառ մենք ակտիվ կներգրավենք մարզահամերգային համալիրը: Այլ դահլիճներ, որոնք նախկինում ներգրավված են եղել, նույնպես խաղերի ժամանակ կօգտագործվեն»:

Արայիկ Հարությունյանը վստահություն է հայտնել, որ միասին հնարավոր կլինի լավագույնս  կազմակերպել և նախանշված հանգրվանին հասցնել համահայկական խաղերը.

«Ուզում եմ ասել, որ մենք միտված ենք աշխատանքի և չենք պատրաստվում նույնիսկ ամենածանր պահերին շեղվել այս աշխատանքից, որովհետև մեր հակառակորդները, թշնամիները, մրցակիցները նպատակ ունեն մեզ մեր զարգացման ճանապարհից շեղել: Համահայկական խաղերը պետք է լինեն լավագույն ցուցիչը և իրադարձությունը, որոնք ցույց կտան մեր միակամությունը և այն, որ զարգացման բոլոր ուղղությունները, որ ունենք և այն իրադարձությունները, որոնք նախանշել ենք, կազմակերպելու ենք բոլոր դժվարություններով հանդերձ»:

  • Կիսվել: