կիրակի, օգոստոս 30
30 / 8 / 2026
Համաձայնագրի վավերացումը հնարավորություն կտա եվրոպական մեծ տիրույթում ծավալել մշակութային համագործակցություն և հանրահռչակել հայկական մշակույթը. Արթուր Մարտիրոսյան

Համաձայնագրի վավերացումը հնարավորություն կտա եվրոպական մեծ տիրույթում ծավալել մշակութային համագործակցություն և հանրահռչակել հայկական մշակույթը. Արթուր Մարտիրոսյան

«ՀՀ եւ Եվրոպական միության միջեւ «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրին (2021-2027) Հայաստանի Հանրապետության մասնակցության մասին» համաձայնագիրը ստորագրվել է 2022 թ. սեպտեմբերին ՀՀ ԿԳՄՍ նախարարի եւ հոկտեմբերին ԵՄ նորարարության, հետազոտության, մշակույթի, կրթության եւ երիտասարդության հարցերով եվրահանձնաժողովի հանձնակատար Մարիա Գաբրիելի կողմից: ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ ԵՄ մշակույթի ոլորտում թերեւս ամենամեծն է «Ստեղծագործ Եվրոպա» ծրագիրը, որը հասանելի է ԵՄ հարեւանության երկրների համար:

Այս մասին դեկտեմբերի 20-ի ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջանի նիստում ասել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը` ներկայացնելով ««ՀՀ եւ Եվրոպական միության միջեւ «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրին (2021-2027 թթ.) ՀՀ մասնակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:

Հայաստանը միանում է «Մշակույթ» ենթածրագրին, որի նպատակն է պաշտպանել, զարգացնել եւ տարածել եվրոպական մշակութային եւ լեզվական բազմազանությունը՝ հանրահռչակելով Եվրոպայի մշակութային ժառանգությունը, ինչպես նաեւ ուժեղացնելով մշակութային ստեղծարար ոլորտների մրցունակությունը եւ ապահովելով կայուն ու ներառական աճ: Ծրագիրը հնարավորություն է ընձեռում Հայաստանի մշակութային եւ ստեղծագործ ոլորտի կազմակերպություններին ծավալելու միջսահմանային համագործակցություն նույն ոլորտի եվրոպացի գործընկերների հետ, ինչպես նաեւ խթանում է շփումները մշակույթի գործիչների միջեւ:

Կտրամադրվեն դրամաշնորհային ծրագրեր գրականության, թատրոնի, ճարտարապետության, կերպարվեստի, երաժշտարվեստի, դիզայնի եւ մի շարք այլ ոլորտներում:

Սա ծրագրի երկրորդ շրջափուլն է: Ծրագրի շրջանակում կձեւավորվի համապատասխան գրասենյակ, որը կզբաղվի մշակութային գործիչների իրազեկության բարձրացմամբ, նրանց կարողությունների զարգացմամբ:

Ըստ Արթուր Մարտիրոսյանի` ծրագիրը նախատեսում է շուրջ 400 հազար եվրոյի մասնակցության վճար, որով Հայաստանը կկարողանա շատ ավելի մեծ գումարներ գեներացնել մշակույթի համար:

Պատգամավոր Գեղամ Նազարյանը հետաքրքրվել է՝ արդյո՞ք Հայաստանին պարտադրվելու են հայ իրականության հետ կապ չունեցող մշակույթի ինչ-ինչ տարրեր, ասենք՝ անհասկանալի մշակույթների ներդրում ու տարածում: Արթուր Մարտիրոսյանը նշել է, որ խոսքը վերաբերում է մշակույթի ոլորտի՝ լայն առումով զարգացմանը: «Սա մեզ համար մեծ հնարավորություն է եվրոպական մեծ տիրույթում ծավալել մշակութային համագործակցություն, հայկական մշակույթը հանրահռչակել»,-մանրամասնել է հիմնական զեկուցողը:

Գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը՝ կարեւորելով ծրագրին մասնակից լինելը:

Քվեարկությամբ խորհրդարանն ընդունել է քննարկված նախագիծը:

  • Կիսվել: