շաբաթ, հունիս 7
7 / 6 / 2025
Հակոբ Մանանդյանի հիշատակին նվիրված մրցույթը նախատեսում է Ադրբեջանի և Թուրքիայի կողմից պատմության խեղաթյուրումը բացահայտող գիտական հոդվածների պատրաստում

Հակոբ Մանանդյանի հիշատակին նվիրված մրցույթը նախատեսում է Ադրբեջանի և Թուրքիայի կողմից պատմության խեղաթյուրումը բացահայտող գիտական հոդվածների պատրաստում

Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում տեղի է ունեցել ԽՍՀՄ ակադեմիկոս, պատմաբան, լեզվագետ, ԵՊՀ-ի հիմնադիր Հակոբ Մանանդյանի ծննդյան 151-ամյակին նվիրված միջոցառում։ Միջոցառմանը ներկա էին Հակոբ Մանանդյանի ժառանգ Էլեոնորա Մանանդյանը, ԵՊՀ պատմության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմը և ուսանողներ։

Էլեոնորա Մանանդյանն ընդգծել է, որ ներկայումս պատմաբանի դերն ավելի է կարևորվում, որպեսզի տեր կանգնեն պատմական արդարադատությանը։

«Հակոբ Մանանդյանի մասին խոսելիս կարևոր է շեշտել, որ նա և իր ժամանակակից մյուս մեծերը Հայաստանի համար շատ ծանր ժամանակաշրջանում անմնացորդ նվիրվել էին հայրենիքին և դրա շնորհիվ կարողացան փլատակներից վեր հանել երկիրն ու ստեղծել համալսարան։ Մենք պետք է գիտակցենք, որ պատմությունը հիմա ենք կերտում՝ մեր իսկ ընտրությամբ․ կամ ընտրում ենք դավաճանությունն ու դրանով գնում ոչնչացման, կամ ընտրում ենք նվիրումն ու կերտում ապագա»,- ասել է նա։

ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Մխիթար Գաբրիելյանն ու պատմության ամբիոնի վարիչ Էդիկ Մինասյանն իրենց ելույթներում ընդգծել են Հակոբ Մանանդյանի անգնահատելի վաստակը հայ պատմագիտության և համալսարանի կայացման գործում։

Միջոցառման ընթացքում ներկայացվել է նաև նախորդ տարի Մանանդյանի հիշատակին նվիրված մրցույթի ամփոփումը, որի շրջանակներում ԵՊՀ պատմության ֆակուլտետի ուսանող Մերի Նազարյանը և լրագրող Գայանե Ենոքյանը պատրաստել էին Մանանդյանի կյանքն ու գործունեությունն ամփոփող հոդված «Հակոբ Մանանդյան հայն ու գիտնականը» խորագրով: Հավաքագրված հարուստ նյութը թարգմանվել է երեք լեզուներով և տեղադրվել վիքիպեդիա ազատ հանրագիտարանում:

Հանդիպման ավարտին նախաձեռնողները ներկայացրել են առաջիկայում մեկնարկող նոր մրցույթը, որով նախատեսվում է Ադրբեջանի և Թուրքիայի կողմից պատմության խեղաթյուրումը բացահայտող գիտական հոդվածների պատրաստում։

 

  • Կիսվել: