հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Հակաօրինական գործողությունների նպատակն է թուլացնել ամենամեծ ընդդիմադիր խմբակցության դերը․ «Հայաստան» դաշինք

Հակաօրինական գործողությունների նպատակն է թուլացնել ամենամեծ ընդդիմադիր խմբակցության դերը․ «Հայաստան» դաշինք

«Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածել․ «Հայրենակիցներ, Իշխանությունները շարունակում են նախընտրական փուլում սկսված բռնաճնշումները «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչների նկատմամբ: Վերջին օրերին «Վերածնվող Հայաստան» կուսակցության խորհրդի անդամների, «Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակում ներգրավված անձանց նկատմամբ  իրականացվում են քաղաքական հետապնդումներ, կատարվում են ապօրինի գործողություններ:

Ներհասարակական ճգնաժամի այսօրինակ նորանոր դրսևորումներն ավելի են  խորացնում երկրում առկա քաղաքական  ճգնաժամը: Այսպիսով, շարունակվում են երկրում մեկ մարդու իշխանություն հաստատելու փորձերը:

Հակաօրինական այս գործողությունների նպատակը պարզ է՝ թուլացնել խորհրդարանի ամենամեծ ընդդիմադիր խմբակցությանը, նրան շեղել երկրի ներքին ու արտաքին սպառնալիքներին դիմակայելուն ուղղված պայքարից:

«Հայաստան» դաշինքը խստորեն դատապարտում է իշխանության այս գործելաոճը:

Մենք հաստատակամ ենք՝ շարունակելու երկիրն աղետի հասցրած վարչախմբի դեմ պայքարը: Քաղաքական հալածանքների, ապօրինի գործողությունների բոլոր մեղավորները պատասխան են տալու»։

  • Կիսվել: