չորեքշաբթի, ապրիլ 17
17 / 4 / 2024
Հակամանրէային դեղերը՝ մասնավորապես հակաբիոտիկները, կանխարգելիչ չեն վիրուսների դեմ պայքարում. մասնագետ

Հակամանրէային դեղերը՝ մասնավորապես հակաբիոտիկները, կանխարգելիչ չեն վիրուսների դեմ պայքարում. մասնագետ

Համաշխարհային առողջապահության համար լրջագույն խնդիր է հակամանրէային դեղերի հանդեպ կայունության զարգացումը, որը արդեն  համարվում է սպառնալիք  ոչ միայն ապագա սերնդի, այլև արդեն իսկ սպառնալիք է տարածաշրջանի բոլոր երկրների, այդ թվում՝ Հայաստանի համար: Ենթադրվում է, որ 2050 թ. մենք 10 միլիոն մահ կունենանք՝ պայմանավորված հակաբիոտիկների հանդեպ կայունությամբ: Սա ավելի մեծ թիվ է, քան քաղցկեղից մահացության թվերը. այսօր հրավիրված ասուլիսում ասաց ԱՆ մոր և մանկան առողջության պահպանման վարչության երեխաների առողջության պահպանման բաժնի պետ Լիլիթ Ավետիսյանը:

Նրա խոսքով՝ ամբողջ տարվա ընթացքում պետք է հիշել, որ հակամանրէային դեղերը մասնավորապես, հակաբիոտիկները, կանխարգելիչ չեն վիրուսների դեմ պայքարում:

«Հակաբիոտիկները կիրառվում են միայն ապացուցված և փաստացի հիմք ունենալով: Հակաբակտերիալ բուժումը նշանակում են միայն  այն դեպքում, եթե առկա է բակտերիալ ծագման  ինֆեկցիա»,- շեշտեց Ավետիսյանը:

Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի փոխտնօրեն Նաիրա Ստեփանյանի խոսքով՝ եթե 20-րդ դարի սկզբին հակաբիոտիկների ստեղծումը նպաստեց բակտերիալ վարակների բուժմանը՝ բերելով կյանքի տևողության երկարացմանը, ապա խնդիր ենք տեսնում՝ կորցնելու այդ ձեռքբերումը:

«Այսօր նոր հակաբիոտիկներ չեն սինթեզվում, և ամբողջ աշխարհը ռիսկ ունի կորցնելու անգամ պահուստային դեղամիջոցները, որոնք նշանակվում են ծանր բակտերիալ վարակների ժամանակ»,- հավելեց Ստեփանյանը:

Անդրադառնալով իրազեկման շաբաթին՝ դեղագետ, MedProgress առողջապահական հիմնադրամի հիմնադիր տնօրեն Տաթևիկ Խաչատրյանը թվարկեց քայլերը, որոնք նախատեսված է իրականացնել:

«Իրազեկման շաբաթի ավարտին տեղի կունենա մեծ միջոցառում, որին ներգրավված կլինեն և՛ ՀՀ առողջապահության նախարարությունը, և՛ ԱՀԿ հայաստանյան գրասենյակը: Բավականին մեծ մասնակցություն ենք ակնկալում ոլորտի բոլոր առաջատար մասնագետներից: Խոսելու ենք հակաբակտերիալ կայունության բոլոր խնդիրների մասին, որոնք կան Հայաստանում և ամբողջ աշխարհում»,- տեղեկացրեց Խաչատրյանը:

  • Կիսվել: