«Հաղթանակ» զբոսայգու նոր «Սատանի անիվ» կարուսելն ապօրինի է տեղադրվել. քաղաքապետ
Երևանի «Հաղթանակ» զբոսայգու նոր «Սատանի անիվ» կարուսելն ապօրինի է տեղադրվել։ Այս մասին հայտարարեց Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը` քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ` անօրինական կառույցի մասին հարց ուղղելով Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանի ղեկավարին։
«Շուտ է կառուցվել։ Մինչև հունիս ամիսը կառուցված է եղել։ Ոստիկանությունից էլ պետք է պատասխանեին։ Գրությունը եկել է»,– պատասխանեց Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Արտակ Հովակիմյանը։
Նշենք, որ այգու նոր ատրակցիոնի ապօրինի լինելու մասին սա քաղաքապետարանում արված առաջին հայտարարությունն է։ Սարալանջի բարձունքում կառուցված նոր ատրակցիոնն արդեն մի քանի ամիս տեսանելի է քաղաքի տարբեր հատվածներից։
Իսկ այգու ֆեյսբուքյան էջում նոր ատրակցիոնի մասին առաջին հրապարակումը կատարվել է հուլիսի 14-ին, երբ դրա մետաղական շրջանակը նոր էր տեղադրվում։


