Գյումրիի մանկապարտեզներում վարձավճարի 50% զեղչի համար քաղաքային բյուջեից կհատկացվի 100 մլն դրամ
Գյումրիի մանկապարտեզներում մեկ երեխայի ամսական վարձավճարը 8000 դրամ է կազմում: Ծնողների վճարած գումարով ձևավորվում է մանկապարտեզի բյուջեն, կատարվում են անհրաժեշտ գնումներ ու երեխաներին ապահովում են երեքանգամյա սնունդով, մնացած գումարն էլ ուղղում են կոմունալ վճարումներին։ Քաղաքային բյուջեից տրամադրվող գումարը միայն աշխատավարձերի համար է: Մինչ այդ վարձավճարի զեղչային համակարգ կիրառվել է սոցիալական տարբեր խմբերում ներառված երեխաների համար։
Հաջորդ տարվանից արդեն առանց արտոնյալ խմբում ընդգրկվելու համայնքապատկան մանկապարտեզների բոլոր երեխաների վարձավճարները 50 տոկոսով կզեղչվեն։ Թեև ֆինանսական կարգավորումների համար՝ պայմանավորված գնաճով,մինչ այդ մանկապարտեզների տնօրենները քաղաքապետարան էին դիմել վարձավճարի չափը վերանայելու խնդրանքով։ Խնդրի օպտիմալ լուծումն, ըստ այդմ, եղել է այն, որ քաղաքապետարանը որոշեց 50 տոկոսով կրճատել վարձավճարի բեռը։
«Որոշվել է 2023 թվականի հունվարի 1-ից 50 տոկոսով զեղչել երեխաների վարձավճարը այսինքն՝ 4000 դրամ են վճարելու, մյուս 4000 դրամը համայնքը իր կողմից կվճարի, այս պարագայում մենք մոտավորապես 100 միլիոն դրամի կարգի գումար կծախսենք համայնքային բյուջեից»,- նշում է Գյումրիի քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը։


Նոյեմբերի ամփոփ տվյալներով՝ համայնքապատկան մանկապարտեզներ են հաճախել 2316 երեխա: Անվճար հաճախելու արտոնությունից օգտվել է 10 երեխա, 25 տոկոս արտոնությունից՝ 225, իսկ 50 տոկոս զեղչից օգտվել են 181 երեխաներ։
Արտոնությունների դիմաց համայնքային բյուջեից մանկապարտեզներին փոխանցվել է 850 հազար դրամ: Այժմ 50 տոկոսի զեղչի համատարած կիրառման դեպքում մոտ 12 անգամ ավելի գումար է հատկացվելու տեղական բյուջեից։ Այս դեպքում կանխատեսումներ ունեն, որ մանկապարտեզներ հաճախող երեխաների թիվը կավելանա:


Վարձավճարների զեղչային համակարգի կիրառումը քաղաքային բյուջեի հաշվին 2023-ի ծրագիր է, իսկ պետական բյուջեի համաֆինանսավորմամբ այս տարվա սուբվենցիոն ծրագրով նախատեսած վերանորոգումները 10 մանկապարտեզներում նախագծային թերությունների պատճառով այդպես էլ չմեկնարկեցին։ Ընդհանուր՝ 97 միլիոն դրամ արժողության սուբվենցիոն ծրագիրը մնաց հաջորդ տարվա։
Այսինքն, հետաձգված 2022 սուբվենցիոն աշխատանքները հաջորդ տարի կմեկնարկեն 23 թվականի սուբվենցիոն ծրագրերի հետ միաժամանակ։ Արդեն գույք ձեռք բերելու ծրագրային փաթեթը ուղարկվել է կառավարություն: Քննարկվում է նաև հաջորդ տարվանից փոփոխության ենթարկել նաև մանկապարտեզների աշխատանքային ժամերը:
«Մենք որոշել ենք, որ մեր մանկապարտեզների ժամերը դարձնենք 08։30-ից մինչև 19։30-ը, կլինի հերթապահ դայակով ու դաստիարակով, այսպես ծնողներին ավելի հարմար կլինի, քանի որ շտապում են աշխատանքի»,- նշում է քաղաքապետը։
Ըստ քաղաքապետի, մինչև ժամը 19:30 մանկապարտեզում մնացող երեխաների համար հնարավոր է սահմանվի վարձավճարի այլ չափ: 2023 թվականից Գյումրիի բոլոր մանկապարտեզներում կներդրվի նաև համընդհանուր ներառական կրթական ծրագիրը, արդեն սկսվել է դաստիարակների ու մանկավարժների վերապատրաստման գործընթացը:



