չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Գուրգեն Մարգարյանի սպանությունը, Ադրբեջանի կողմից մարդասպանին ազատ արձակելն ու դրան հաջորդած քայլերն անընդունելի են. Յարան Իշտվանի հարցազրույցը

Գուրգեն Մարգարյանի սպանությունը, Ադրբեջանի կողմից մարդասպանին ազատ արձակելն ու դրան հաջորդած քայլերն անընդունելի են. Յարան Իշտվանի հարցազրույցը

 Հունգարիայի հայ ազգային ինքնավարության նախագահ դոկտոր Յարան Իշտվանը կարծում է, որ Հայաստանի և Հունգարիայի միջև դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու մասին երկու երկրների ԱԳ նախարարների հայտարարությունը էական քայլ է երկու պետությունների միջև հարաբերություններում նոր շրջափուլ բացելու համար:

 

«Արմենպրես»-ին տված հարցազրույցում Յարան Իշտվանն անդրադարձել է նաև Բուդապեշտում ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովի կողմից հայ սպա Գուրգեն Մարգարյանի դաժան սպանությանը ՝ նշելով, որ այդ անմարդկային քայլը, ինչպես նաև Ադրբեջանի իշխանությունների կողմից Սաֆարովին ազատ արձակելն ու դրան հաջորդած քայլերն անընդունելի են: Իշտվանը անդրադարձել է նաև հայ և հունգարացի ժողովուրդների պատմական առնչություններին, երկու երկրների միջև տարբեր ոլորտներում համագործակցության հեռանկարներին:

Դեկտեմբերի 2-ին Հայաստանի Հանրապետության և Հունգարիայի ԱԳ նախարարները հանդես եկան երկկողմ դիվանագիտական հարաբերությունների վերականգնման վերաբերյալ համատեղ հայտարարությամբ։ Ինչպե՞ս կգնահատեք այս քայլը։

Այո, դեկտեմբերի 2-ի տեղի ունեցավ երկու երկրների ԱԳ նախարարների հանդիպումը, որի ընթացքում ձեռք բերվեց պայմանավորվածություն՝ վերականգնելու լիարժեք դիվանագիտական հարաբերությունները՝ հիմնված փոխադարձ վստահության և միջազգային իրավունքի նկատմամբ հարգանքի վրա, որը համարում եմ շատ դրական քայլ։

 

Դրական եմ համարում նաև, որ համաձայնություն է ձեռք բերվել ոչ ռեզիդենտ դեսպաններ նշանակելու վերաբերյալ՝ ուսումնասիրելու տարբեր ոլորտներում հարաբերությունների զարգացման հնարավորությունները։

Իհարկե, մեր ցանկությունն է, որ հնարավորինս սեղմ ժամկետներում նաև Հունգարիայում բացվի Հայաստանի դեսպանություն, իսկ Հայաստանում՝ Հունգարիայի դեսպանություն։ Սակայն հասկանում ենք նաև, որ դրա համար ժամանակ է անհրաժեշտ։

Ընդհանուր առմամբ կարծում եմ՝ սա էական քայլ է երկու պետությունների միջև հարաբերություններում նոր շրջափուլ բացելու համար, և իսկ մենք պարտավոր ենք ձեռնարկել անհրաժեշտ քայլեր՝ ստեղծված հնարավորությունը օգտագործելու համար և երկու պետությունների միջև համագործակցությունը զարգացնելու։ Եվ մենք նույնպես մեր հնարավորությունների շրջանակներում նախկինում ջանքեր ենք գործադրել երկու պետությունների միջև դիվանագիտական հարաբերությունների վերականգնման ուղղությամբ, իսկ այսօր էլ կշարունակենք աշխատել արդեն հարաբերությունների ընդլայնման համար։

Հայ հասարակության համար շարունակում է զգայուն հարց մնալ հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության դեպքը: Կուզենայինք լսել Ձեր կարծիքն այս կապակցությամբ։

Ցանկանում եմ նշել, որ Գուրգեն Մարգարյանի սպանության դեպքը զգայուն է ոչ միայն հայ, այլ նաև հունգարական հասարակության համար, և պատահական չէ, որ հունգարական կողմը բազմիցս տարբեր մակարդակներում և ձևաչափերով իր խոր ափսոսանքն ու ցավն է արտահայտել հայազգի սպա Գուրգեն Մարգարյանի դաժան սպանության կապակցությամբ։ Այդ անմարդկային քայլը իրապես անընդունելի է բոլորիս համար, անընդունելի էր նաև Ադրբեջանի իշխանությունների կողմից մարդասպանի ազատ արձակումը և դրան հաջորդած քայլերը, որոնց մասին անգամ չեմ ցանկանում խոսել։

Ես որպես նաև իրավաբան ցանկանում եմ նշել, որ այս հարցն ունեցել է ինչպես իրավական, այնպես էլ, իհարկե, բարոյական և մարդասիրական ասպեկտ։ Այդուհանդերձ, ցավով պետք է նշեմ, որ հասկանում եմ, որ վերքերի սպիացման համար ժամանակ է անհրաժեշտ, և չեմ գտնում բավարար խոսքեր ափսոսանքի համար։ Կարծում եմ՝ մենք պետք է առաջ նայենք և շարունակենք կամուրջ դառնալ հայ և հունգարացի հասարակությունների մերձեցման համար՝ չմոռանալով, թե ինչ դեր են ունեցել հայերը Հունգարիայի պատմության մեջ։ Իսկ Գուրգեն Մարգարյանի հիշատակը պարտավոր ենք վառ պահել և ջանքեր գործադրել, որ նմանատիպ հանցագործությունները այլևս չկրկնվեն։

Կարծում եմ՝ մենք որպես հայկական ինքնավարության ներկայացուցիչներ՝ ամեն ինչ պետք է անենք, որ Հայաստան-Հունգարիա հարաբերությունները ավելի խորանան և զարգանան, իսկ այդ հարաբերությունների բազմաշերտ օրակարգը հնարավորություն կտա ավելի բարեկամացնել մեր երկու ժողովուրդներին։

Ինչպե՞ս կգնահատեք հայ և հունգարացի ժողովուրդների միջև պատմական փոխառնչությունները։

Հայ և հունգարացի ժողովուրդների միջև պատմական և մշակութային կապերն ունեն խորը արմատներ։ Ինչպես գիտեք, Հունգարիայի ազգային հերոսների թվին են դասվում երկու անվանի հայորդիներ՝ Կիշշ Էրնեն և Լազար Վիլմոշը։

Եվ այս անունները միակը չեն։ Հունգարիայի հայերը իրենց մեծ ներդրումն են ունեցել Հունգարիայի պատմության մեջ, և պատահական չէ, որ որպես հունգարական հասարակության մեջ լիարժեք ինտեգրված փոքրամասնություն՝ ունեն Հունգարիայի սահմանադրությամբ ամրագրված հատուկ կարգավիճակ, ինչն իր հերթին մեզ հնարավորություն է տալիս պահպանելու մեր մշակութային ժառանգությունը և ներկայացնելու այն։ Եվ այս առումով կրկին պետք է կարևորեմ Հայաստանի և Հունգարիայի միջև դիվանագիտական հարաբերությունների վերականգնումը։

Որոնք են ոլորտները, որոնցում Հայաստանի և Հունգարիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո համագործակցության զարգացման հնարավորություններ եք տեսնում։

Ոլորտները շատ են, դժվար է դրանցից առանձնացնել մի քանիսը։ Այդուհանդերձ, շատ կարևոր եմ համարում երկու հասարակությունների միջև ուղղակի շփումների ակտիվացումը, որի համար որպես գործիք կարող է ծառայել Հայաստանի և Հունգարիայի միջև ուղիղ ավիաչվերթների բացումը, ինչը կնպաստի նաև երկու երկրների միջև զբոսաշրջության զարգացմանը։

Իհարկե, տնտեսության ոլորտը նույնպես կարևոր է, և այս առումով ցավով եմ նկատում, որ Հունգարիայում գրեթե բացակայում է հայկական արտադրանքը՝ սկսած ավանդական հայկական կոնյակից, գինիներից ու գորգերից մինչև հայկական չրերը և քաղցրավենիքը։

Ամփոփելով միտքս՝ հատուկ կարևորում եմ կրթության և մշակույթի ոլորտում փոխգործակցությունը, քանզի տարիներ շարունակ Հունգարիայում չեն եղել հայկական ցուցահանդեսներ, մշակութային նախաձեռնություններ կամ այլ միջոցառումներ։ Եվ այս առումով ուրախությամբ ցանկանում եմ նշել Պիտեր Պազմանի անվան համալսարանում հայագիտական կենտրոնի առկայությունը և այնտեղ ուսանող բազմաթիվ հայերին, որոնք սերտ կապեր են պահպանում հայաստանյան բուհերի հետ։ Մենք պետք է ամեն ինչ անենք, որ այդ կապերն ավելի սերտանան և խորանան։ Կրթական կապերի մասին խոսելիս նաև կարևոր է, որ մենք պատշաճ ուշադրություն դարձնենք Երևանի Գուրգեն Մարգարյանի անվան դպրոցին։

  • Կիսվել: