GTB Holdings ընկերությունում ոչ հերքում են, ոչ հաստատում են ընկերության մետաղաձուլարանում տեղի ունեցած պայթյունի մասին լուրերը
GTB Holdings ընկերությունում ոչ հերքում են, ոչ հաստատում են ընկերության մետաղաձուլարանում տեղի ունեցած պայթյունի մասին լուրերը։
«Նո քոմենթ»,- այսպես կարճ պատասխանեց InfoPort.am-ի թղթակցի հարցին ընկերության աշխատակիցը, ով չցանկացավ ներկայանալ։ Ճշտող նկատառմանը այն մասին, թե տրամաբանական կլիներ հերքել միջադեպի մասին լուրը, եթե նման բան չի եղել, կայքի անանուն զրուցակիցը դարձյալ կրկնեց՝ «Նո քոմենթ» և խնդրեց ընդհանրապես չանրադառնալ այս հարցին։ Միևնույն ժամանակ նա հավելեց, որ այս պահին մետաղաձուլարանը բնականոն հունով աշխատում է։
Թե ինչով է պայմանավորված ընկերության նման խորհրդապահությունը, անհասկանալի է։ Նշենք նաև, որ այս պահի դրությամբ միջադեպի մասին որևէ ահազանգ չի ստացվել ՆԳՆ Ոստիկանությունում։
Հիշեցնենք, որ օրերս մամուլում տեղեկատվություն տարածվեց առ այն, որ GTB Holdings ընկերությանը պատկանող մետաղաձուլարանում պայթյուն է տեղի ունեցել։ Ըստ ԶԼՄ-երի պայթյունի պատճառը այն էր, որ մետաղի ջարդոնի հետ մետաղաձուլարան էր մթերվել մեծ քանակությամբ պայթուցիկ նյութեր, որոնք ձուլման ընթացքում պայթել էին։ Թե ինչ ձագում ունեին այդ պայթուցիկները, ինչպես և ում միջոցով էին մթերվել, ըստ մամուլի, անհայտ է։


