չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Գորիսում նոր ասֆալտապատ փողոցներն անվանակոչվել են Մխիթար Սպարապետի և Դավիթ Բեկի անուններով

Գորիսում նոր ասֆալտապատ փողոցներն անվանակոչվել են Մխիթար Սպարապետի և Դավիթ Բեկի անուններով

Գորիս խոշորացված համայնքում դեկտեմբերի 25-ին տեղի ունեցավ Գորիս-Ակներ վերակառուցված ճանապարհի բացման հանդիսավոր արարողությունը։ Ինչպես տեղեկանում ենք Գորիսի համայնքապետարանի տարածած հաղորդագրությունից, ակներցիներն այսուհետ Գորիս կհասնեն ուղիղ, ասֆալտապատ ճանապարհով։

Շինարարական աշխատանքների ընդհանուր բյուջեն կազմել է 219 միլիոն դրամ, որից 55 %-ը տրամադրել է համայնքը, 45-ը` Կառավարությունը։ Մեկ այլ սուբվենցիոն ծրագրի շրջանակում էլ ամբողջովին նորոգվել ու նոր տեսք է ստացել Դիտակետի հարակից տարածքը։

Ասֆալտապատման աշխատանքների համար ծախսվել է շուրջ 200 միլիոն դրամ` դարձյալ համայնք-պետություն գործակցության արդյունքում` 55/45 % համաֆինանսավորմամբ։

 

Գորիս խոշորացված համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի խոսքով` Գորիսում ճանապարհների ասֆալտապատման աշխատանքները շարունակվել են նույնիսկ սեպտեմբերյան ռմբակոծության օրերին, երբ ադրբեջանական նշանառության տակ էին խաղաղ բնակավայրերը։ Շինարարական աշխատանքներն ընթացել են երկու փուլով. Դրանց մի մի մասը մեկնարկել է 2018 թվականին, մյուս մասը` 2020-ին։

Ասֆալտապատ փողոցներն անվանակոչվել են ազգային-ազատագրական պայքարի խորհրդանիշ, սյունեցիներ Մխիթար Սպարապետի և Դավիթ Բեկի անուններով։

«Այս տարի լրանում է Դավիթբեկյան ապստամբության 300-ամյակը։ Սա իր մեջ ուժային մեծ սիմվոլ ունի, կարծում եմ` այդ հաջողությունները 300 տարի հետո կրկին կկրկնենք»,- նշել է Գորիսի համայնքապետը։

Ինչպես նշվում է համայնքապետարանի տարածած հաղորդագրության մեջ՝ Գորիսի համայնքապետարանն աշխատում է 24/7 ռեժիմով, որ սահմանամերձ բնակավայրերի բնակիչներն էլ ավելի ամուր կառչեն հայրենի հողին և չլքեն իրենց «խրամատները»։ Ճանապարհների նորոգումից, ասֆալտապատումից զատ համայնքապետարանի մշտական ուշադրության կենտրոնում են նաև փոքրիկներն ու նրանց երազանքները։ Երեխաների կյանքի որակը լավացնելու, նրանց առօրյան հագեցած ու բովանդակալից դարձնելուն են միտված նոր խաղահրապարակների կառուցումն ու մանկապարտեզների վերակառուցման աշխատանքները։

Համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը և միջոցառման հյուրերը Ակներում մասնակցեցին նաև խաղահրապարակի, իսկ Վերիշենում` վերակառուցված մանկապարտեզի բացման արարողությանը։ Ակներ բնակավայրում խաղահրապարակը տեղադրվել է Գորիսի համայնքապետարանի և ՄԱԶԾ «Կայուն համայնքեր» ծրագրի համատեղ ջանքերով։ Վերիշեն բնակավայրում մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքները մեկնարկել են ամիսներ առաջ և ընթացել են մի քանի փուլով՝ «Փարոս» հիմնադրամի աջակցությամբ:

«Ֆոքըս օն չիլդրեն նաու» բարեգարծական կազմակերպության միջոցներով մանկապարտեզը համալրվել է նոր գույքով։ Վերանորոգումից հետո նոր խմբեր են բացվել։ Արդյունքում` Ակներ և Վերիշեն բնակավայրի շուրջ 150 երեխա նախադպրոցական կրթություն ստանալու հնարավորություն կունենա։

  • Կիսվել: