երեքշաբթի, հունիս 23
23 / 6 / 2026
Գնացքի ու բեռնատարի վթարի հետևանքով փակվել է Լեռնագոգից Դալարիկ տանող միակ ճանապարհը. մեքենաներ են կուտակվել

Գնացքի ու բեռնատարի վթարի հետևանքով փակվել է Լեռնագոգից Դալարիկ տանող միակ ճանապարհը. մեքենաներ են կուտակվել

Այսօր՝ հունիսի 23–ին, Դալարիկում գնացքի և բեռնատարի բախման հետևանքով փակվել է Լեռնագոգից Դալարիկ գնացող միակ ճանապարհը։  Ճանապարհի այդ հատվածում մեծ թվով մեքենաներ են կուտակվել։

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր՝ հունիսի 23-ին՝ ժամը 11։52-ին, Արմավիրի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դալարիկ բնակավայրի մոտակայքում վառելիք տեղափոխող բեռնատարը բախվել է գնացքին, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են  դիզելային վառելիք տեղափոխող բեռնատարը և բեռնատար գնացքը, առկա է վառելիքի արտահոսք։ Կա մեկ վիրավոր, որը հոսպիտալացվել է։

Առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ նա գլխի շրջանում վնասվածքներով հոսպիտալացվել է մարզային բժշկական կենտրոններից մեկը: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատում են միջին ծանրության. նրա կյանքին վտանգ չի սպառնում:

Վթարի պատճառով չեղարկվել է Երևան-Գյումրի ժամը 14:25-ի ուղևորատար էլեկտրագնացքը երթը։ Վթարի հետևանքով զգալի վնասներ են հասցվել երկաթուղային ենթակառուցվածքներին, մասնավորապես, վնասվել են լոկոմոտիվը և կոնտակտային ցանցը, իսկ հենասյուներից մեկը կոտրվել է ամբողջությամբ:  

Ներկայումս իրականացվում է գծերի վիճակի գնահատում և գնացքի տեղահանման գործընթաց՝ երթևեկությունը հնարավորինս արագ վերականգնելու համար: 

Նշենք, որ բախման հետևանքով տեղի է ունեցել վառելիքի արտահոսք, սակայն, բարեբախտաբար, հրդեհի բռնկումից հաջողվել է խուսափել:

  • Կիսվել: