Գլյուկոզի շարունակական մոնիտորինգի համակարգերն այսօրվանից հասանելի են երեխաներին ու դեռահասներին. ԱՆ
Գլյուկոզի շարունակական մոնիտորինգի համակարգերն այսօրվանից հասանելի են մեր երեխաներին ու դեռահասներին:
Շուրջ 1000 երեխա, որոնք ունեն արյան գլյուկոզի մակարդակն անընդհատ վերահսկելու կարիք, այսուհետ ունեն հնարավորություն, առանց մատը ծակելու, սենսորային նորագույն սարքի միջոցով շուրջօրյա վերահսկել արյան մեջ գլյուկոզի մակարդակը:
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի հետ «Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիրում ներկա են գտնվել սարքերը երեխաներին տրամադրման, այսպիսով` նաև պետական կարևորագույն ծրագրի փաստացի մեկնարկին:
«Ծրագիրը կարևոր քայլ է ժամանակակից, միջազգային չափանիշներին համապատասխան բուժօգնության ապահովման ուղղությամբ։ Միջազգային փորձը ցույց է տալիս, որ գլյուկոզի շարունակական մոնիտորինգի համակարգերն առանցքային նշանակություն ունեն դիաբետի կառավարման համար, ինչն էապես բարելավում է բուժման արդյունքն ու բարձրացնում պացիենտների, նրանց ընտանիքների կյանքի որակը»,– նշել է նախարարը:
Ծրագրի մեկնարկի, սարքերի ձեռքբերման համար Կառավարությունն այս տարի 800 մլն դրամ է հատկացրել:
Նորագույն համակարգերը հնարավորություն են տալիս տվյալների հեռահար դիտում ինչպես ծնողների, այնպես էլ բժիշկների կողմից, ինչպես նաև ավտոմատ ազդանշանային զգուշացում է տալիս սահմանային վիճակների դեպքում. սա ապահովում է դիաբետի շարունակական և անվտանգ վերահսկումը:


