Գլխացավ, գլխապտույտ, հավասարակշռության խանգարումներ. նևրոտիկ խանգարումը հոգեկան առողջության ամենատարածված խնդիրներից է
Նևրոտիկ խանգարումները հանրության մեջ առավել ընդունված է անվանել «նևրոզ»։
Հոգեբուժության և բժշկական հոգեբանության գծով ԱՆ խորհրդատու Գևորգ Փաշիկյանի խոսքով՝ դրանք սովորաբար զարգանում են սթրեսային կամ հոգետրավմատիկ իրադարձությունների հետևանքով․ առիթ կարող են դառնալ կյանքի ամենատարբեր իրավիճակները` ընտանեկան կամ աշխատանքային կոնֆլիկտներից մինչև կենցաղային կամ ֆինանսական խնդիրներ, միջանձնային բարդ փոխհարաբերություններից մինչև հարազատի կորուստ և այլն։
Թեև նևրոտիկ խանգարումը հոգեկան առողջության ամենատարածված խնդիրներից է, սակայն մեծամասնությունը չի դիմում մասնագիտական բուժօգնության։
Որո՞նք են հիմնական ախտանիշները․
վախ, տագնապ, խուճապի հաճախակի զգացողություն
կպչուն մտքեր, կպչուն վախեր կամ հիշողություններ
հյուծվելիություն՝ ընդհուպ քրոնիկական հոգնածության վիճակի հասնող
դյուրագրգռություն
հուզական անկայունություն (հույզերի զսպման անհնարինություն)
ճանաչողական խնդիրներ (հիշողության թուլացում, ուշադրությունը կենտրոնացնելու դժվարություններ, նոր նյութ յուրացնելու դժվարություն)
դժվարություններ սոցիալական շփումներում
քնի խանգարումներ
ցածր ինքնագնահատական:
Գրեթե միշտ նևորտիկ խանգարումներն ուղեկցվում են մարմնական կամ վեգետատիվ ախտանիշներով․
գլխացավ, գլխապտույտ, ականջներում խշշոց, հավասարակշռության խանգարումներ
սրտխփոց, կրծքավանդակի շրջանում սեղմող ցավ
զարկերակային ճնշման տատանումներ (հաճախ զարկերակային ճնշման բարձրացում)
հևոց, օդի պակասի զգացողություն, կոկորդում օտար մարմնի զգացողություն
ցավեր առանց հստակ տեղակայման
թուլություն, գերքրտնություն, դող
սեռական թուլություն
հաճախամիզություն
մարսողական համակարգի խանգարումներ:
Առանձին դեպքերում անձի մոտ նշված ախտանիշներից կարող է դիտվել մեկը կամ մի քանիսը։
Չնայած նևրոտիկ խանգարումները վտանգ չեն ներկայացնում մարդու կյանքի համար` դրանք բերում են կյանքի որակի անկման։
ժամանակին և համարժեք բուժման դեպքում նևրոտիկ խանգարումները լիովին ենթարկվում են առողջացման:
Խնդիրն անուշադրության մատնելու կամ ինքնաբուժմամբ զբաղվելու դեպքում մեծանում է հիվանդության քրոնիկական ընթացքի ձևավորման հավանականությունը։