Գիտությունն անբաժանելի է ազգային անվտանգության, տնտեսության զարգացման առաջընթացից. ՀՀ նախագահ
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի տարեկան ընդհանուր ժողովին և հանդես եկել ելույթով:
Իր խոսքում նախագահ Խաչատուրյանը կարևորել է Գիտությունների ազգային ակադեմիայի՝ որպես երկրի գիտական մտքի կենտրոնի դերը՝ ընդգծելով նրա առանցքային նշանակությունն ազգային զարգացման ռազմավարության շրջանակում։
Նախագահը մասնավորապես անդրադարձել է Ակադեմիայի առջև դրված գիտական և հասարակական նշանակության խնդիրներին, ինչպես նաև արդյունավետ կառավարման ու համագործակցության նոր մեխանիզմների ներդրման անհրաժեշտությանը:
Նա ընդգծել է, որ ժամանակակից աշխարհում գիտությունն անբաժանելի է ազգային անվտանգության, տնտեսության զարգացման, բնապահպանական և տեխնոլոգիական առաջընթացի գործընթացներից։ Այդ համատեքստում նախագահ Խաչատուրյանը խոսել է ակադեմիական ոլորտում իրականացվող բարեփոխումների սկզբունքների մասին՝ ընդգծելով դրանց նպատակաուղղված լինելը՝ խթանելու գիտության ոլորտի միջազգային մրցունակությունն ու նորարարական ներուժը:
Ելույթի ընթացքում նախագահը կարևորել է նաև երիտասարդ գիտնականների ներգրավվածությունը, գիտահետազոտական ոլորտում նորարարական մոտեցումների խրախուսումը, ինչպես նաև գիտության և տնտեսության սերտ կապի ձևավորումը։