ուրբաթ, մայիս 16
16 / 5 / 2025
«Գիտության շաբաթ»-ի շրջանակում Գյումրիում կայացել է «Բոլոր ժամանակների մեծագույն հայերը» թեմայով բանախոսությունը

«Գիտության շաբաթ»-ի շրջանակում Գյումրիում կայացել է «Բոլոր ժամանակների մեծագույն հայերը» թեմայով բանախոսությունը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և Գիտությունների ազգային ակադեմիայի հետ համագործակցությամբ Երևանում և ՀՀ բոլոր մարզերում հոկտեմբերի 1-6-ը անցկացվում է «Գիտության շաբաթ» փառատոնը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագծի շրջանակում «Կումայրի» պատմամշակութային արգելոց-թանգարանի ցուցասրահում բանախոսությամբ հանդես եկավ դոկտոր, պրոֆեսոր Սերգեյ Նազարեթյանը՝ «Բոլոր ժամանակների մեծագույն հայերը» թեմայով։ «7 մեծագույն հայերին ընտրելու նպատակով կազմել են հարցաթերթիկ, որում ընդգրկել են 80 նշանավոր հայերի անուն, ազգանուններ։ Հարցաթերթիները բազմացվել են և տարածվել Գյումրիում։ Հարցմանը մասնակից յուրաքանչյուր անձ 80 նշանավոր հայից ընտրել է 7-ին։ 7 թիվը պատահական չի եղել, հիմք են ընդունել անտիկ ժամանակներից եկած և մինչև մեր օրերը պահպանած 7 խորհրդանշական թիվը»,- նշեց բանախոսը՝ տեղեկացնելով, որ հարցաթերթիկում ընդգրկված են եղել Հայաստանում և օտար երկրներում բնակված և բնակվող նշանավոր հայեր։ Թեև նախատեսված էր ընտրել յոթ մեծագույն հայի, որոնց մասին պետք է ներկայացվեր դասախոսությամբ, հարցաթերթիկների վերլուծության արդյունքում ընտրվել են տարբեր ժամանակների 9 մեծեր՝ Տիգրան Մեծ, Մեսրոպ Մաշտոց, Անանիա Շիրակացի, Գրիգոր Նարեկացի, Մխիթար Հերացի, Թորոս Ռոսլին, Կոմիտաս, Արամ Խաչատրյան, Վիկտոր Համբարձումյան։ «Գիտության շաբաթը» հասարակության տարբեր շերտերի համար նախատեսված բազմաձևաչափ միջոցառումների շարք է, որի նպատակն է համազգային մակարդակով հանրահռչակել գիտությունն ու տեխնոլոգիաները, բացատրել դրանց անփոխարինելի դերը և նշանակությունը ժամանակակից աշխարհում, գիտությունը դարձնել հրապուրիչ երիտասարդների համար, ինչպես նաև խթանել քննադատական մտքի և գիտելիքահենք դիսկուրսի զարգացումը:

  • Կիսվել: