շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Գիտամանկավարժական գործունեություն ծավալած անձինք ևս կարող են մանկապարտեզի տնօրեն դառնալ. նախագիծ

Գիտամանկավարժական գործունեություն ծավալած անձինք ևս կարող են մանկապարտեզի տնօրեն դառնալ. նախագիծ

Վերջին տարիներին նախադպրոցական կրթության չափորոշիչներ են ներդրվել շուրջ 530 մանկապարտեզներում: Ներդրման արդյունքում կարգավորումներ անելու կարիք է առաջացել: Թեմային առնչվող «Նախադպրոցական կրթության մասին» որոշման նախագիծն առաջին ընթերցմամբ Ազգային ժողովի՝ հունվարի 21-ի նիստին ներկայացրեց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը:

Անհրաժեշտություն է առաջացել ստեղծել մենթոր մանկապարտեզների համակարգ, որի միջոցով վերապատրաստում կիրականացվի այն մանկապարտեզներում, որտեղ ներդրվել է նախադպրոցական կրթության չափորոշիչը:

«Այդ մանկապարտեզները 23-ն են, որոնք 2024-2025 ուսումնական տարում 350 մանկավարժների վերապատրաստել և նախապատրաստել են չափորոշչի ներդրմանը»,- ասաց նա:

Առաջարկվող այլ փոփոխություն վերաբերում է լիցենզավորման կարգին: Ըստ նախարարի տեղակալի՝ կա շուրջ 150 լիցենզավորված նախադպրոցական հաստատություն, որից 87-ը 2024-ին են լիցենզավորվել:

«Անհրաժեշտություն է առաջացել օրենքում փոփոխություն կատարել՝ նշելով, որ լիցենզիա կարող է ստանալ կամ նախադպրոցական կրթություն կարող է իրականացնել իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կազմակերպությունը»,- ասաց նա՝ հավելելվ, որ հստակեցվել են նաև «այլընտրանքային նախադպրոցական ծառայություն» և «նախադպրոցական ծառայություն» հասկացությունները»:

Մեկ այլ առաջարկ վերաբերում է մանկապարտեզների տնօրեններին ներկայացվող պահանջին՝ մանկավարժական ստաժ ունենալու պայմանին:

«Գործող կարգավորմամբ տնօրեն կարող են դառնալ մանկավարժական ստաժ ունեցող անձինք: Առաջարկում ենք՝ գիտամանկավարժական գործունեություն ծավալած անձինք ևս տնօրեն դառնալու հնարավորություն ունենան»,- ասաց նա:

Մեկ այլ կարգավորում վերաբերում է մանկավարժի տրանսպորտային ծախսի փոխհատուցմանը, ինչը, ըստ նախարարի տեղակալի, մարզերում հնարավորություն կտա հարակից բնակավայրերից աշխատակիցներ ներգրավել:  

Նախատեսվում է նաև դայակների նապատրաստման կարգ սահմանել:

  • Կիսվել: